Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պրյախին. «Կալանված ընդդիմադիրների ազատ արձակումը կբարելավի քաղաքական մթնոլորտը»


Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինի կարծիքով, ընդդիմության ձերբակալված ակտիվիստներին ազատ արձակելը կբարելավի քաղաքական մթնոլորտը երկրում:

«Նրանց ազատ արձակումը անհրաժեշտ նախապայմաններ կստեղծի քաղաքական փակուղուց դուրս գալու համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում երեքշաբթի օրը ավելացրեց դեսպան Պրյախինը:

Անցած շաբաթ Վլադիմիր Պրյախինը մի շարք հանդիպումներ է ունեցել գլխավոր դատախազության ներկայացուցիչների հետ՝ ընդդիմության ձերբակալված ակտիվիստների հարցով: Նրա խոսքերով, դատախազության աշխատակիցները ըմբռնումով են մոտենում խնդրին, բայց նրանց վիճակն էլ «շատ բարդ է», քանի որ նրանք պարտավոր են ղեկավարվել օրենքի տառով եւ ոչ թե զգացմունքներով, ինչը, իր խոստովանությամբ, դեսպանը երբեմն թույլ է տալիս իրեն:

Իշխանությունների կողմից «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամներ Արամազդ Զաքարյանին եւ Ժորա Սափեյանին ազատ արձակելուց հետո, ըստ Պրյախինի, այժմ իրենք քննարկում են մյուսների նկատմամբ նույնպես «ըմբռնում եւ մարդասիրություն» ցուցաբերելու հնարավորությունը:

«Մենք չենք պնդում, թե նրանք [ձերբակալված ընդդիմադիրները] ամբողջովին անմեղ են, բայց գոյություն ունի պատժի եւ հանցանքի համարժեքության սկզբունք», - ասաց Պրյախինը: - «Ես չեմ կարծում, որ Վաղարշակ Հարությունյանը կարող էր այնպիսի արարք թույլ տալ, որի համար նրան սպառնում է 10-15 տարվա ազատազրկում: Ես դա չեմ կարող հասկանալ»:

Ակնհայտորեն խախտված է համարում Վլադիմիր Պրյախինը համարժեքության սկզբունքը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի որոշման մեջ, որով պլաստմասսայե շշով ոստիկանին հարվածելու համար Լուսակերտի 24-ամյա բնակիչ Էդգար Առաքելյանը անցած շաբաթ դատապարտվեց 1,5 տարվա ազատազրկման:

«Ակներեւ է [հանցանքի եւ պատժի] համարժեքության սկզբունքի ակնհայտ խախտումը», - ասաց նա՝ հավաստիացնելով, որ իրենք շարունակելու են զբաղվել Առաքելյանի գործով:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG