Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրներին նորից կալանում են


Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի շտաբի տեղեկություններով, ընթացիկ շաբաթվա սկզբից իրավապահները կրկին սկսել են ձերբակալել ընդդիմության աջակիցներին: Երեկ եւ այսօր, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց դաշինքի շտաբի անդամ Դուստրիկ Մխիթարյանը, ձերբակալվել է 8 մարդ:

«Երկուսը՝ Գավառից, երեքը՝ Աշտարակից, մեկը՝ Աբովյանից եւ երկուսը՝ Երեւանից», - մանրամասնեց Դուստրիկ Մխիթարյանը՝ հավելելով, որ նրանցից 2-ը ենթարկվել են վարչական տուգանքի 1000-2000 դրամի չափով, իսկ մյուսները ենթարկվել են 5-10-օրյա կալանքի:

«Հանրապետություն» կուսակցության Աբովյանի տարածքային կառույցի ղեկավար Արամ Գեղամյանին, օրինակ, ոստիկանության բաժին են բերման ենթարկել այսօր առավոտյան: Դուստրիկ Մխիթարյանը ասաց, որ ինքը հեռախոսով զրուցել է Աբովյանի ոստիկանապետի հետ, եւ վերջինս տեղեկացրել է, որ Գեղամյանը դեռ հարցաքննվում է ոստիկանների կողմից:

Ավելի վաղ՝ դեռեւս ապրիլին, կալանվածներից «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Սուրեն Սուրենյանցի շահերի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանի փոխանցմամբ, իր պաշտպանյալի գործը վարող գլխավոր դատախազության քննիչ Արամ Խաչատրյանը դիմել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ Սուրենյանցի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությամբ: Դատական դռնփակ նիստը կկայանա վաղը: Սուրենյանցի շահերի պաշտպանը եւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը, մինչդեռ, դիմել են գլխավոր դատախազություն՝ միջնորդելով հաշվի առնել Սուրենյանցի առողջական վիճակը եւ փոխել նկատմամբ ընտրված խափանման միջոցը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG