Մատչելիության հղումներ

Դատաքննությունը հետաձգվեց մինչեւ հունիսի 4-ը


Երեւանի Կենտրոն եւ Նորք - Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում երկուշաբթի օրը հետաձգվեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հայցի քննությունը ընդդեմ միացյալ ընդդիմության առաջնորդներից «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի եւ նույն կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանի:

Դատական նիստը հայցվորի խնդրանքով հետաձգվել է մինչեւ հունիսի 4-ը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արամ Կարապետյանը իր խնդրանքը բացատրեց լրացուցիչ նյութեր եւ փաստաթղթեր է հավաքելու անհրաժեշտությամբ:

Այս ամիս ավելի վաղ Արամ Կարապետյանը հայցով դիմել էր դատարան՝ պնդելով, թե Գեղամյանն ու Ալեքսան Կարապետյանը «զրպարտական լուրեր են տարածել՝ վիրավորելով իր արժանապատվությունը եւ քաղաքական գործչի բարի համբավը»:

Արամ Կարապետյանը նշել էր մասնավորապես մայիսի 15-ին «Ազգ» օրաթերթում տպագրված վերլուծականը, թե «Գեղամյանը Մատենադարանին հարող տարածքում մայիսի 14-ին կայացած հանրահավաքի ընթացում «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարպետյանին անվանել է գործակալ եւ իշխանությունների դրածո»:

«Պատահական չէ, որ նա դատի է տալիս Արտաշես Գեղամյանին, Ալեքսան Կարապետյանին՝ հաստատ իմանալով, որ մեր դատարանները այսօր գործում են միայն եւ միայն Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թելադրանքով», - մայիսի 18-ին «Ազատություն» ռադիոկայանին ասել էր «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը: - «Ուստի մեր գործը հեշտացրեց պարոն Կարապետյանը՝ վերջնականապես ինքնաբացահայտվեց»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG