Մատչելիության հղումներ

Ընդլայնվելու է Եվրամիության դերակատարությունը Հարավային Կովկասում


(«Ֆրանս Պրես» գործակալություն). - Ինչպես հինգշաբթի օրը հայտարարել է Հարավկովկասյան տարածաշրջանում Եվրամիության ներկայացուցիչներից մեկը, վերջերս նոր անդամներով համալրված Եվրամիությունը պատրաստվում է ընդլայնել քաղաքական, տնտեսական եւ անվտանգության հարցերով համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ՝ «հարեւանություն քաղաքականության» շրջանակներում:

Ադրբեջանում Եվրամիության հատուկ դեսպան Անտոնիուս Դեւրիեսը ասել է, որ մշակվում է Հարավային Կովկասի երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ «համագործակցության ու ինտեգրման ուղղությամբ Եվրամիության գործունեությունը ուժեղացնելու» գործողությունների ծրագիր:

«Կհայտվեն համագործակցության նոր ձեւեր», - լրագրողներին ասել է դեսպանը: - «Ամենամեծ ուշադրությունը կհատկացվի էներգետիկ ոլորտին: Կարող եք սպասել նոր համատեղ համաձայնությունների: Կուժեղացվի համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարի, գիտության, կրթության եւ մշակույթի բնագավառներում»:

Նա ավելացրել է, որ Եվրամիությունը պատրաստ է ավելի մեծ դերակատարություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ միջազգային ջանքերում:

«Եթե կողմերը դիմեն մեզ ավելի ակտիվ ջանքեր գործադրելու խնդրանքով, մենք տարբերակներ կորոնենք», - ասել է Դեւրիեսը: - «Մենք չենք բացառում, որ Եվրամիությունը կարող է դրական ազդեցություն ունենալ խաղաղության որոնման գործում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG