Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարը հանդիպելու է Գլխավոր դատախազի հետ՝ կալանքի տակ գտնվող Վաղարշակ Հարությունյանի գործի կապակցությամբ


«Ազատություն» ռադիոկայանը չորեքշաբթի օրը հավաստի տեղեկություններ է ստացել, որ մոտ օրերս Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը հանդիպում է ունենալու գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ՝ կալանքի տակ գտնվող նախկին պաշտպանության նախարար, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Վաղարշակ Հարությունյանի գործի կապակցությամբ:

Տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցած նույն աղբյուրի հավաստմամբ, դեսպան Պրյախինը, Վաղարշակ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի որոշ մանրամասներին ծանոթանալու նպատակով, հանդիպելու է նաեւ Հարությունյանի շահերը պաշտպանող փաստաբանի հետ:

Վաղարշակ Հարությունյանին եւ «Հանրապետություն» կուսակցության մեկ այլ ղեկավար անդամ Սուրեն Սուրենյանցին ազատ արձակելու հնարավորության մասին «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց երեկ երեկոյան ազատ արձակված Արամազդ Զաքարյանը:

«Առաջին պահին ես չեմ ստորագրել [իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման արձանագրությունը], ասել եմ, որ բարոյական չէ. գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը՝ այստեղ, հացադուլի մեջ գտնվող Սուրեն Սուրենյանցը՝ այստեղ, իսկ ես դուրս գամ... Իրենք ասացին, որ բոլորի հարցն այս պահին նայվում է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Զաքարյանը:

Սուրենյանցին եւ Հարությունյանին ազատ արձակելու հնարավորությունը չբացառեց նաեւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը:

«Ենթադրել կարելի է, որ շատ շուտով ազատ կարձակվեն նաեւ Սուրեն Սուրենյանցն ու Վաղարշակ Հարությունյանը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բազեյանը: - «Որովհետեւ այն մեղադրանքները, որոնք հասցեագրված էին Սափեյանին եւ Արամազդ Զաքարյանին, գրեթե նույն հիմքերով հասցեագրված են նաեւ Հարությունյանին ու Սուրենյանցին»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG