Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչակարգն առաջին անգամ անվանվեց «ավտորիտար»


«Ֆրիդըմ հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանը դասեց «կիսակայացած ավտորիտար վարչակարգերի» շարքում:

Ընտրական գործընթացներին եւ անկախ լրատվամիջոցների վիճակին տրված գնահատականները «Ֆրիդըմ հաուս»-ի երեկ հրապարակված զեկույցում ավելի վատն են, քան անցած տարի:

«Միջազգային դիտորդները լուրջ խախտումներ են արձանագրել 2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում: Հայաստանի իշխանությունները նաեւ չապահովեցին երկրի առաջատար անկախ լրատվամիջոցների վերաբացումը ընտրություններից առաջ», - փաստվում է զեկույցում: - «Զանգվածային լրատվամիջոցների ազատությունն ավելի վտանգվեց, երբ քրեական օրենսգրքում ընդգրկվեց զրպարտության մասին հոդվածը: Միջազգային կազմակերպությունները շարունակում էին մարդու իրավունքների խախտումներ արձանագրել Հայաստանում, բայց ողջունել են մահապատժի վերացումը»:

«Ֆրիդըմ հաուս»-ը եզրափակում է. - «Կոռուպցիան եւ թույլ կառավարումը մնում են որպես լուրջ սպառնալիք Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը»:

Այս հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության վերջին տարիների զեկույցները վկայում են, որ Հայաստանը շարժվում է ոչ թե դեպի «կայացած ժողովրդավարություն», այլ՝ հակառակ ուղղությամբ: «Ֆրիդոմ հաուս»-ը երկրները գնահատում է 7-բալլանոց սանդղակով, ընդ որում՝ որքան բարձր է գնահատականը, այնքան ցածր է տվյալ երկրում ժողովրդավարության մակարդակը:

Վերջին տարիներին լավագույն ցուցանիշը՝ 4,5 բալլ, Հայաստանը ունեցել է 1999 թվականի զեկույցում, որից հետո գնահատականները ավելի ու ավելի են վատացել: Այդուհանդերձ Հայաստանը մինչեւ անցած տարի մնացել էր սանդղակի միջին մասում. այստեղ այն երկրներն են, որոնց «Ֆրիդըմ հաուս»-ը անվանում է «անցումային կառավարություն կամ խառը վարչակարգ ունեցող պետություններ»: Այսինքն՝ դեռ պարզ չէ, թե դեպի ուր են շարժվում այդ պետությունները՝ դեպի ժողովրդավարությու՞ն, թե՞ դեպի ավտորիտար վարչակարգ:

Այս տարվա զեկույցում Հայաստանը վերջին 7 տարիների ընթացքում առաջին անգամ ստացավ 5 բալլ եւ դասվեց «կիսակայացած ավտորիտար վարչակարգ» ունեցող երկրների շարքում:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG