Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 22-ը մայիսի)

«Հայոց աշխարհ» թերթը «Հոգեվարք» վերնագրի տակ է ներկայացնում ընդդիմության երեկվա հանրահավաքը: Իսկ «Հայաստանի Հանրապետություն» թերթը ուրվագծել է. - «Ընդդիմությունը հույսը կտրել է «համաժողովրդական շարժման» հեռանկարից. իր ընտրողներին մինի միտինգներ անցկացնելու հրահանգ տալով՝ ինքը սահմանափակվում է ընդամենը երկու մարզային հանդիպումով, այն էլ՝ առանց «նախագահների»: Պարզից էլ պարզ է, որ այսպես երկրորդ-երրորդ էշելոնի ուժերով, արդեն երկշաբաթյա ընդմիջում հայտարարելով հանրահավաքների արանքում, ընդդիմությունը ժամանակ կձգի մինչեւ... անորոշություն»:

«Հայկական ժամանակ» թերթի շեշտադրմամբ՝ երեկվա հանրահավաքի մասնակիցները նկատելիորեն շատ են եղել նախորդ ուրբաթ տեղի ունեցած հանրահավաքի համեմատությամբ՝ 10 հազարից ավելի. - «Սա նշանակում է, որ իշխանությունը չի կարողանում լուծել ընդդիմության հանրահավաքային շարժումը մարելու խնդիրը: Մյուս կողմից, սակայն, ընդդիմությունն էլ իր հերթին չի կարողանում հանրահավաքային շարժումը զարգացնել «ձնագնդի» էֆեկտով, չնայած, քանի դեռ հանրահավաքները տեղի են ունենում, այսպիսի հնարավորությունը պահպանվում է: Ընդդիմության հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու հունիսի չորսին, եւ այս ընթացքում թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության խնդիրը շարունակում է մնալ նույնը. առաջինը փորձելու է առավել մարդաշատ հանրահավաք կազմակերպել, իսկ երկրորդը փորձելու է կասեցնել մարդկանց հոսքը դեպի հրապարակ», - ի մի է բերում «Հայկական ժամանակ»-ը: «Անորոշ ընթացքով, այդպես էլ վճռական հանգուցալուծման չհասնող հանրահավաքները ոչ միայն քաղաքական կյանքի, այլեւ մեր կենցաղի անբաժանելի մասն են դառնում», - իր հերթին արձանագրում է «Ազգ» թերթը:

Ազգային ժողովի փոխնախագահ,Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի երեկվա ասուլիսի հետքերով «Առավոտ» թերթը հարցեր է դնում. - «Ինչո՞ւ է նա գտնում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը բռնի ուժով տապալելու իր կոչերը քաղաքական դրդապատճառներ հանդիսացան իր ձերբակալության համար, իսկ Ռոբերտ Քոչարյանին իշխանությունից հեռացնելու Սուրեն Սուրենյանցի կոչերը իրավունք են տալիս նրան լրիվ այլ դրդապատճառներով ձերբակալել: Ինչո՞ւ քաղաբանտարկյալ Վահան Հովհաննիսյանին կարելի էր ազատ արձակել իշխանափոխության պատճառով, իսկ Սուրենյանցին չի կարելի անհապաղ ազատել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պահանջով: Ավելին, վերջինիս չի կարելի նույնիսկ քաղբանտարկյալ կոչել: Մի՞թե միայն այն պատճառով, որ Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ քաղբանտարկյալները նրանք են, ովքեր հանդես են գալիս ընդդեմ այն իշխանության, որում ինքը եւ Դաշնակցությունը բացակայում են... Ի դեպ, ժամանակին Սուրենյանցը հացադուլ էր հայտարարել ի նշան բողոքի հենց Վահան Հովհաննիսյանի ձերբակալության դեմ», - նշվում է «Առավոտ»-ում:

Ազգային ժողովում Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է. - «Եվրախորհուրդը եւ ԱՄՆ-ը Հայաստանի ընդդիմությանը թույլ չեն տալիս երկխոսություն սկսել Հայաստանի իշխանությունների հետ: Թղթերի տրցակները, որ մեկ՝ Եվրախորհրդից, մեկ՝ ԱՄՆ-ից գալիս են Հայաստան, դրանք արվում են Հայաստանի ներքին իրավիճակը լարված պահելու եւ թույլ Հայաստանի հետ մեծ խնդիրներ լուծելու համար»: Ըստ Գալուստ Սահակյանի՝ այս իրավիճակում Հայաստանը աշխարհաքաղաքական պրոցեսների զոհ դառնալու իրական վտանգի տակ է: Այդ վտանգներից խուսափելու ամենակարճ ճանապարհն այն է, որ ընդդիմությունը իշխանության հետ երկխոսություն սկսի:

«Հայոց աշխարհ» թերթի մատուցմամբ՝ նախագահ Քոչարյանի վերջին հարցազրույցը Հանրային հեռուստատեսությամբ «վերջնական հստակեցումներ մտցրեց հայ-ռուսական հարաբերությունների եւ Հայաստանում ծավալվող ներքաղաքական զարգացումների նկատմամբ Ռուսաստանի իշխանությունների դիրքորոշման մասին ամիսներ շարունակ մեզանում տարածվող տարաբնույթ խոսակցությունների, ենթադրությունների, անհիմն ու չճշտված տեղեկությունների մեջ». - «Փակագծերը, որ բացվեցին Ռոբերտ Քոչարյանի կողմից, սկզբունքորեն նոր կացություն են ստեղծում Հայաստանի ներքաղաքական կյանքում՝ արձանագրելով շուրջ երեք ու կես ամսվա ընթացքում երկիրը արհեստական ցնցումների դատապարտող արմատական ընդդիմության քաղաքական հաշվարկների փլուզման փաստը», - ընդգծում է «Հայոց աշխարհ»-ը: - «Հասկանալով, որ ընդդիմությունը պարզապես գործիք է դառնում Հայաստանի իշխանություններին «անկյուն մղելու» հետեւողական փորձերի համար, որոնց վերջին վկայությունները Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայտնի բանաձեւն ու ԱՄՆ պետքարտուղարության 2003թ. տարեկան զեկույցն էին, Ռուսաստանը չէր կարող անվերջ կերպով պահպանել իր առերեւույթ «անտարբերությունը» Հայաստանում ծավալվող ներքաղաքական պայքարի հանդեպ»: Այս առումով «Հայոց աշխարհ» թերթը միանշանակ եզրափակել է. - «Իր վերջին ամիսների ռազմավարության ձախողումը խորությամբ ընկալելուց հետո արմատական ընդդիմությունը պետք է կողմնորոշվի ոչ միայն գործող իշխանության, այլեւ արտաքին աշխարհի հանդեպ»:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի նույն հեռուստազրույցին՝ Երջանիկ Աբգարյանը «Հայկական ժամանակ»-ի «Արմատ» հավելվածում գրում է. - «Նա իր վարչակազմին ընդդիմադիր Հայաստանի քաղաքացիներին անհեթեթ մեղադրանք է ներկայացնում, թե նրանք ընդդիմադիր են նաեւ Ռուսաստանի իշխանությանը, ինչը, ըստ երեւույթին, Քոչարյանի աչքում սրբապղծություն է: Նա իրեն թույլ է տալիս արտասանել այսպիսի բառակապակցություն. «Պուտինն իր միանշանակ զորակցությունը հայտնեց ինձ, գործող իշխանություններին»: Այսինքն, եթե Քոչարյանը Պուտինից «դաբրո» է ստացել, էլ ինչի՞ մասին է խոսքը... Քոչարյանի այս արտահայտությունը ցույց է տալիս նաեւ, որ ինքը ո՛չ թե իր ժողովրդի, այլ օտարի աջակցությանն է ապավինում օրեցօր խարխլվող իր տիրապետությունը պահպանելու համար», - բխեցնում է Երջանիկ Աբգարյանը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG