Մատչելիության հղումներ

Քննարկվեցին ԱՊՀ շրջանակներում ռազմական համագործակցության կատարելագործման հարցերը


Երեւանում ուրբաթ օրը տեղի ունեցավ ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը: Նիստին չմասնակցեցին Ադրբեջանն ու Թուրքմենստանը, իսկ Ուկարինան եւ Ուզբեկստանը մասնակցեցին ոչ նախարարների մակարդակով:

Շուրջ երկու ժամ տեւած նիստից հետո պատվիրակությունների բոլոր ղեկավարները դուրս եկան համատեղ ասուլիսի: Հարցերը, սակայն, հիմնականում ուղղված էին Ռուսաստանի պաշտպանության նախարար, ԱՊՀ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նախագահ Սերգեյ Իվանովին, ում փոխանցմամբ նիստում քննարկվեցին «ռազմական, ռազմատեխնիկական բազմակողմ համագործակցության կատարելագործման հարցեր»:

«Մենք ընդունեցին մի շարք կարեւոր որոշումներ», - շարունակեց Իվանովը՝ ներկայացնելով դրանցից մի քանիսը. որոշվել է կազմավորել հավաքական ուժեր ԱՊՀ տարածքում խաղաղությունը պահպանելու համար, բարձրացնել ռազմական ավիացիայի թռիչքների անվտանգությունը, ստեղծել կապի միասնական համակարգ:

Իվանովը հատկապես շեշտեց, որ մեծ ուշադրություն է հատկացվել հակաօդային պաշտպանության միասնական համակարգի գործունեությանը, որը, ռուս նախարարի հավաստմամբ՝ «կենսունակ եւ աշխատունակ» է: Տվյալ ոլորտում համագործակցությունը կատարելագործելու համար նախատեսվում է ընդունել ամբողջական ծրագիր, որի նախագիծը արժանացել է նիստի մասնակցիների հավանությանը:

Ամփոփելով նիստի արդյունքները, Ռուսաստանի պաշտպանության նախարարը ասաց, որ ընդունված որոշումները, անկասկած, կարելի է գնահատել որպես եւս մեկ կոնկրետ քայլ ԱՊՀ երկների միջեւ ռազմական համագործակցությունը զարգացնելու, վստահությունն ու փոխամաձայնությունները ամրապնդելու, խորացնելու ճանապարհին:

Նիստի մասնակիցներին այսօր ընդունել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ըստ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության, Ռոբրետ Քոչարյանը պաշտպանության նախարարների խորհուրդը համարել է «ԱՊՀ ամենից գործուն եւ արդյունավետ կառույցներից մեկը»: Կարեւորելով համագործակցությունը ԱՊՀ եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում, Հայաստանի նախագահը նշել է, որ նման հանդիպումները ծառայում են նաեւ երկկողմ կապերի ամրապնդմանը՝ վստահություն հայտնելով, որ երեւանյան հանդիպումը նոր լիցք կհաղորդի համագործակցությանը:

Նիստի մասնակիցները այսօր այցելել են նաեւ Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG