Մատչելիության հղումներ

Լարիսա Ալավերդյանը «քաղաքական բաղադրիչներ է» տեսնում ընդդիմադիրների ձերբակալությունների մեջ


Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը «քաղաքական բաղադրիչներ է» տեսնում ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների ձերբակալությունների մեջ՝ միաժամանակ չհաստատելով եւ չժխտելով, թե ձերբակալվածները քաղաքական բանտարկյալներ են:

«Որովհետեւ ե'ւ ժամանակը, որով այդ գործերը սկսվել են, ե'ւ անձինք, որոնք այս պարագայում գտնվում են այս քրեական գործերով հետապնդվող վիճակում, մեզ թույլ չի տալիս ուղղակի ասել, որ դա միայն քրեական է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Ալավերդյանը: - «Այս գործերը իրենց մեջ պարունակում են քաղաքական բաղադրիչ»:

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց նաեւ, որ ձերբակալված անձանց գործերի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չկան բավարար հիմնավորումներ ձերբակալվածների նկատմամբ խափանման միջոցը ազատազրկումը ընտրելու համար:

«Խափանման միջոցը ընտրված է ոչ համարժեք: Դա մեր գնահատականն է», - ասաց նա: - «Օրինակ, Սուրեն Սուրենյանցի գործի դիտարկումը տվել է ինձ հիմքեր ասելու, որ կարելի էր փոխել այդ խափանման միջոցը»:

Սուրեն Սուրենյանը, մինչդեռ, այսօրվանից անժամկետ հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի Վճռաբեկ դատարանի որոշման դեմ, որով անփոփոխ է թողնվել իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը:

Հացադուլ սկսելու մասին Սուրենյանը տեղեկացրել է նաեւ Լարիսա Ալավերդյանին: Վերջինս, իր փոխանցմամբ, հորդորել է Սուրենյանցին չդիմել այդպիսի ծայրահեղ միջոցին՝ գտնելով, որ «իրավիճակը դեռ այնպիսին չէ, որ Սուրենյանցը դիմի այդ քայլին»:

Տիկին Ալավերդյանը հավաստիացրեց, որ եթե գործի հետագա քննությամբ պարզվի, որ ընդդիմադիր գործիչներին ձերբակալել են իսկապես քաղաքական նկատառումներով, ապա ինքը հետեւողական է լինելու, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG