Մատչելիության հղումներ

Նատալյա Վուտովա. «Բանաձեւի ոգին իշխանությունների եւ ընդդիմության միջեւ քաղաքական երկխոսությունն է»


Հայաստանում Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Նատալյա Վուտովան հինգշաբթի օրը, հայտնելով իր անձնական կարծիքը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ Հայաստանին վերաբերող ապրիլյան բանաձեւի մասին, ասաց, որ դրա ոգին «իշխանությունների եւ ընդդիմության միջեւ քաղաքական երկխոսությունն է»:

«Բանաձեւի հիմնական ոգին քաղաքական երկխոսությունն է գործող իշխանությունների եւ ընդդիմության միջեւ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենսդրության շրջանակներում եւ Եվրոպայի խորհրդի չափանիշների հիման վրա: Եվ դա բխում է ողջ Եվրոպայի շահերից», - «Բաց հասարակության աջակցություն» ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը իր ելույթում ասաց Վուտովան:

Բանաձեւի մասին, հիշեցնենք, Հայաստանի իշխանություններն ասել էին, թե այն «գորգը քաշել է» ընդդիմության ոտքի տակից, ընդդիմությունը՝ թե դրանով Եվրախորհուրդը «դեղին քարտ» է ցույց տվել իշխանություններին:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի այդ բանաձեւի շուրջ անվերջ բանավեճն ու մեկնաբանությունները կդադարեն, թերեւս, միայն այն ժամանակ, երբ նոր բանաձեւ ընդունվի՝ ասենք, հունիսյան նստաշրջանում, իսկ դրանից ավելի վաղ՝ միայն մեկ դեպքում, երբ դրանում տեղ գտած հորդորներն իրականան:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե տեսնու՞մ է արդյոք իշխանությունների կոնկրետ քայլեր, որոնք բխում են բանաձեւի պահանջներից, Վուտովան պատասխանեց. - «Մեզ համար շատ կարեւոր է, որ իշխանությունը եւ ընդդիմությունը ներքաշվեն քաղաքական երկխոսության մեջ, որ այն ոչ միայն սկսվի, այլեւ շարունակվի»:

«Մենք շատ ուշադիր հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը Հայաստանում, երկխոսության պայմանների ձեւավորման ընթացքին», - շարունակեց Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը: - «Ներկայումս մենք հետեւում ենք ամբողջ պրոցեսի ընթացքին: Կարծում եմ, մանրամասները կիմանանք վեհաժողովի հունիսյան նստաշրջանում»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG