Մատչելիության հղումներ

Խորհրդարանի խոսնակը հույս է հայտնել, որ ներքաղաքական իրավիճակը կհանգուցալուծվի «քաղաքական երկխոսության ճանապարհով»


Երկուշաբթի օրը տեղի ունեցած քաղաքական կոնսուլտացիաներից հետո Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ հույս հայտնելով, որ «ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը հնարավորինը կանեն երկրում նոր քաղաքական իրավիճակի հաստատման համար եւ քաղաքական երկխոսության ճանապարհով կհասնեն առկա դժվարին խնդիրների լուծմանը»:

«2004-ի փետրվարից - մայիս երկարատեւ ու դժվարին քննարկումներից հետո խորհրդարանում ծավալված քաղաքական կոնսուլտացիաները տվեցին իրենց առաջին դրական արդյունքը», - ասված է հայտարարության մեջ: - «ՀՀԿ, «Օրինաց երկիր» կուսակցության, ՀՅԴ, «Ժողովրդական պատգամավոր» խմբի, ՄԱԿ խմբակցության, «Արդարություն» դաշինքի, «Ազգային միաբանություն» խմբակցությունների ներկայացուցիչները պայմանավորվեցին քաղաքական երկխոսություն սկսելու մասին, եւ այդ կապակցությամբ մայիսի 13-ին կձեւավորվի համապատասխան օրակարգ»:

«Կոալիցիայի ներկայացուցիչները խնդրել են երկու օր ժամանակ, որպեսզի նրանք համապատասխան վերաբերմունք արտահայտեն մեր առաջարկության վերաբերյալ», - երեկվա կոնսուլտացիաներից հետո ասել էր «Արդարություն» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: - «Մենք չորեքշաբթի օրը կստանանք նրանցից գրավոր առաջարկություն եւ արդեն այդ առաջարկությունը քննարկելուց հետո մենք կորոշենք՝ շարունակել բանակցությունները թե ոչ»:

Ընդդիմադիրները, հիշեցնենք, քաղաքական բանակցությունների օրակարգում առաջարկել էին ընդգրկել միայն մեկ հարց. - «2003 թվականի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները»:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG