Մատչելիության հղումներ

Տարեվերջին պատրաստ կլինի Լեռնային Ղարաբաղի հյուսիս - հարավ մայրուղու կեսը


Հինգշաբթի օրը գումարվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների հերթական նիստը, որը վարեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով նաեւ հոգաբարձուների խորհրդի նախագահն է:

«Ինչ-որ հպարտության, բավարարվածության զգացում երեւի բոլորը ապրում են», - նիստի ընդմիջմանը պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ նիստի սկզբում ցուցադրված՝ «Հայաստան» հիմնադրամի աշխատանքները ներկայացնող ֆիլմի մասին իր տպավորությունները կիսեց նախագահ Քոչարյանը: - «Կցանկանայի, որ այդ զգացման հետ միասին լիներ մեկ այլ զգացում, որ միգուցե կարելի էր ավելի շատ անել, միգուցե ավելի մեծ ծավալի աշխատանքներ կարող էին արվել, եւ այդ զգացումը մեզ կմղի հաջորդ տարվա ընթացքում ավելի ակտիվ աշխատելու»:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Նարիա Մելքումյանի ներկայացրած տվյալներով, 2003 թվականի ընթացքում ավարտին է հասցվել 13 ծրագիր եւ ներկայումս ընթացքի մեջ են 19 ծրագիր՝ 10 մլն դոլար արժողությամբ:

Տիկին Մելքումյանը, անդրադառնալով իրագործվող ծրագրերից առանցքային նշանակություն ունեցող Արցախի հյուսիս-հարավ 169 կիլոմետր երկարությամբ ավտոմայրուղուն, ասաց, որ տարեվերջին արդեն շահագործման հանձնված կլինի մայրուղու 50 տոկոսը:

«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի ներկայացմամբ, 2003-ին հիմնադրամի մուտքերը կազմել են մոտ 5,5 միլիոն դոլարից ավելի: Ընդ որում, դրանք 1,5 միլիոն դոլարով ավելացել են՝ Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից արված ներդրումների հաշվին:

«Հարկ եմ համարում նշել, որ սա հիմնականում ժողովրդական մասնակցության արդյունքն է», - շեշտեց նա:

Սփյուռքահայ բարերարները, մինչդեռ, շարունակում են մնալ այն կարծիքին, որ հիմնական բեռը խոշոր գումարներ նվիրաբերողների ուսերին է:

«Սկզբնականորեն, կարծեմ, հիմնադրամի գաղափարը տարբերվում էր նրանից, որ շարունակվում է այսօր», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ամերիկահայ բարերար Հրայր Հովնանյանը: - «Կենսական հարցը այն է, որ բոլոր հայ ընտանիքները պիտի վճարեին փոքր-փոքր գումարներ... Իսկ մինչեւ այժմ այդ գումարները հավաքվում են միայն ու միայն այն անհատների շնորհիվ, ովքեր մեծ-մեծ գումարներ են վճարում... Գաղափարը այդ չէր»:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը, բավարար գնահատելով «Հայաստան» հիմնադրամի աշխատանքը՝ համոզմունք հայտնեց, որ ներուժը ավելի մեծ է:

«Պոտեցիալը շատ ավելի մեծ է», - նիստից հետո ասաց նա: - «Մենք շատ ավելի մեծ հնարավորություններ ունենք, եւ հիմնադրամը պարտավոր է էֆեկտիվ օգտագործել այդ հնարավորությունները»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG