Մատչելիության հղումներ

Հայաստանյան քաղաքական ուժերը նույնպես ողջունում են աջարական ճգնաժամի հանգուցալուծումը


«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում հայաստանյան ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավար ներկայացուցիչները «հասունացած» եւ «անխուսափելի» որակեցին պաշտոնական Թբիլիսիի եւ Աջարիայի ինքնավարության առճակատման՝ անցած գիշեր կայացած հանգուցալուծումը:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշեց, որ հարցը վաղուց հասունացած էր՝ երկար տարիներ «կենտրոնի եւ ինքնավարության միջեւ տարբեր պրոբլեմներ կային, եւ
սկզբնական փուլում կարծես թե համաձայնության նշաններ կային Սահակաշվիլու եւ Աբաշիձեի միջեւ»:

«Այնուհետեւ՝ անհասկանալի, ի դեպ, պատճառներով՝ շատ իրարամերժ տեսակետներ հայտնվեցին: Այդ առումով էլ իրավիճակը հունից դուրս եկավ եւ ընդհուպ մոտեցավ առճակատման աստիճանին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արմեն Ռուստամյանը: - «Բայց, ես կարծում եմ, որ հնարավոր ավելի աղետալի հետեւանքները կանխազգալով՝ կողմերը գնացին այս հանգուցալուծմանը, որը, կարծում եմ, ամենաճիշտ վճիռն էր»:

Ռուստամյանի գնահատմամբ՝ Վրաստանում տեղի ունեցող եւ հեռանկարային զարգացումները մեծապես պայմանավորելու են տարածաշրջանային զարգացումների ընթացքը: Նրա խոսքերով՝ արդեն ժամանակն է խոսել «նոր, լուրջ որակի համագործակցության, նոր որակի փոփոխությունների մասին», որոնք արդեն, ըստ էության, իրականացվում են մեր տարածաշրջանում:

Չնայած, ըստ Ռուստամյանի, դրանք դեռ սաղմնային վիճակում են, կարող է, այդուհանդերձ, գալ մի պահ, երբ խոսք գնա տարածաշրջանային կայունության նոր պակտի, անվտանգության նոր համակարգի մասին:

Ռուստամյանը համարում է, որ միտումը հենց այդպիսին է, որ Հայաստանը ոչ միայն պետք է, այլեւ չի կարող չներգրավվել այդ նոր գործընթացների մեջ:

«Որովհետեւ», - փաստարկեց Ռուստամյանը, - «սա ուղղակի առնչվում է մեր տարածաշրջանային, հեռանկարային խնդիրների համագործակցության հնարավորությունների հետ: Սա կենսական նշանակություն ունի Հայաստանի համար, եւ Հայաստանը պետք է լիարժեքորեն այս պրոցեսների մեջ իր տեղն ու դերակատարությունը հստակեցնի»:

Ընդդիմադիր պատգամավոր, «Արդարություն» դաժինքի ղեկավար անդամներից Շավարշ Քոչարյանի կարծիքով, Աբաշիձեի հեռանալը անխուսափելի էր դարձել արդեն Շեւարդնաձեի գնալով, որովհետեւ անձերի հարց չէր, այլ արժեքների. - «Աբաշիձեն տեղ չուներ Վրաստանում ստեղծված նոր արժեքային համակարգում»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG