Մատչելիության հղումներ

Դավիթ Հարությունյան. - «Որոշ փաստերի ոչ հստակ կամ ոչ ճշգրիտ ձեւակերպումները նսեմացնում են փաստաթղթի արժեքը»


Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, այսօր հրավիրած ասուլիսում իր մտահոգությունը հայտնելով ապրիլի 28-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած Հայաստանին վերաբերող բանաձեւի կապակցությամբ, ասաց, թե «որոշ փաստերի ոչ հստակ կամ ոչ ճշգրիտ ձեւակերպումները նսեմացնում են փաստաթղթի արժեքը»:

«Բայց Եվրախորհրդի ցանկացած նման փաստաթուղթ, իհարկե, նոր խնդիրներ է առաջ քաշում, եւ մենք, եթե որդեգրել ենք ժողովրդավարական արժեքներ, պարտավոր ենք շատ մեծ ուշադրությամբ վերաբերել նմանատիպ փաստաթղթերին», - ավելացրեց նախարարը:

Խոսելով բանաձեւում ձեւակերպված դիտողությունների մասին, Հարությունյանը ասաց. - «Կարծում եմ, դրանց բոլորին պետք անդրադարձ կատարվի: Պետք է ուսումնասիրվեն փաստերը, որոնց մի մասը, ես կարծում եմ, որ այնքան էլ ճշգրիտ չեն: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր փաստի վերաբերյալ պետք է լինի համապատասխան արձագանք, եւ կարծում եմ, որ շատ նորմալ է, որ Եվրախորհուրդը այդ հարցին մեկ անգամ եւս անդրադառնալու է՝ նախապես ուղարկելով այստեղ իրենց ներկայացուցիչներին»:

Երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ստորագրած եւ հրապարակվելուց 10 օր հետո ուժի մեջ մտնելիք «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր անցկացնելու մասին» օրենքի դեռեւս նախագիծը անցած ամիս Ազգային ժողովում ներկայացնելիս կառավարությունը՝ ի դեմս արդարադատության նախարարի, հենց խորհրդարանի նիստերի դահլիճից հետ էր կանչել նույն փաթեթի մի այլ օրենքի նախագիծ, որն առնչվում էր վարչական կալանքի վերացմանը:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհնաժողովը վերջին բանաձեւում վերստին պնդում է ոչ միայն օրենսդրական այդ փոփոխության, այլեւ դրա կիրառումն անհապաղ դադարեցնելու մասին:

«Քանի դեռ օրենսդրությունը չի փոփոխվել, իշխանությունը՝ ո'չ նախագահը, ո'չ կառավարությունը, ո'չ արդարադատության նախարարը չեն կարող ուղղակի կամայականորեն փոխել օրենքի պահանջը», - այդ առնչությամբ ասաց նախարարը: - «Ես համարում եմ, որ Եվրախորհրդի հարցադրումը ուղղակի առավել արդիական է դարձնում, ուղղակի համար մեկ խնդիր է դարձնում մեր քննարկման, համատեղ քննարկման անհրաժեշտությունը եւ շուտափույթ լուծումները»:

Իսկ Ստրասբուրգում ընդունված բանաձեւում հանրահավաքների մասին օրենքի նախագծին տրված բացասական գնահատականին վերաբերող հարցին Դավիթ Հարությունյանը արձագանքեց. - «Կարծում եմ, որ բանաձեւը ընդունելիս որեւէ մեկը հոգ չի տարել ծանոթանալու երրորդ ընթարցմամբ ներկայացված օրենքի նախագծին»:

Հայաստանի գլխավոր դատախազությունում կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ բաժին ստեղծելուն անդրադառնալով, արդարադատության նախարարը ընդունեց, որ դատական համակարգում «կոռուպցիոն երեւույթները առկա են»:

«Ես վստահ չեմ, որ դատախազական մարմինները դա լավագույն ձեւն է կամ իսկապես արդյունավետ ձեւն է պայքարելու կոռուպցիայի դեմ դատական համակարգում: Կարծում եմ, դատախազությունը ունի Սահմանադրությամբ ամրագրված հստակ խնդիրներ եւ պարտավոր է մնալ Սահմանադրության շրջանակներում: Եթե այդ հակակոռուպցիոն մարմինը դիտենք այդ շրջանակներում, ապա դա նորմալ երեւույթ է», - ասաց Դավիթ Հարությունյանը՝ այդուհանդերձ ավելացնելով. - «Ինչ վերաբերում է հակակոռուպցիոն մարմնին, կարծում եմ, դատախազության համապատասխան ստորաբաժանումը չի կարող փոխարինել կամ սկզբունքորեն հավակնել նման մարմնի գործառույթներին: Իմ կարծիքը վաղուց արտահայտել եմ, որ նման մարմնի ստեղծմանը ինքս դեմ եմ որպես այդպիսին, որովհետեւ այդ մարմինը երբեւէ չի օգնի կոռուպցիայի դեմ պայքարում: Կարող է ուղղակի դառնալ մեկ այլ լրացուցիչ կոռուպցիոն օղակ»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG