Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Դժվար էր հավատալ, որ իշխանություններն անմիջապես կնետվեն կատարելու Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաջարկները, որոնք ուղղված էին Հայաստանի ներքաղաքական իրավիճակը շտկելուն: Բայց այսպիսի բացահայտ արհամարհական վերաբերմունք եվրոպացիների կարծիքի հանդեպ նույնպես հնարավոր չէր կանխատեսել», - երեկվա հանրահավաքի հետքերով գնահատում է «Առավոտ» թերթը: - «Երեւանի քաղաքապետարանը «աննպատակահարմար էր համարել» ընդդիմության երեկվա հանրահավաքը: Իշխանությունները ակնհայտորեն բանի տեղ չէին դրել նաեւ վեհաժողովի մյուս հիշեցումը, թե Հայաստանի Սահմանադրությունը պարտավորեցնում է չխոչընդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը: Վեհաժողովի մեկ այլ որոշմամբ՝ Հայաստանի իշխանությունները պարտավոր էին անմիջապես ազատ արձակել հանրահավաքների ձերբակալված մասնակիցներին եւ դադարեցնել վարչական կալանքների տխրահռչակ ավանդույթը: Բայց երեկ նույնպես տեղի ունեցան ձերբակալություններ, իսկ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը ձերբակալվածներից ոմանք դեռ ազատ չեն արձակվել», - արձանագրում է «Առավոտ»-ը:

«Հայկական ժամանակ» թերթը «Նոր թափով» խորագրի տակ մատուցում է. - «Երեկ Ազատության հրապարակում ընդդիմության հրավիրած հանրահավաքի մասնակիցների թիվը անսպասելիորեն շատ էր»: «Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւը նոր լիցք է հաղորդել ընդդիմության շարժմանը», - նշում է «Հայկական ժամանակ»-ը: - «Նախորդ հանրահավաքների նախապատրաստության համեմատ, փշալարերի եւ ջրցան մեքենաների թիվը նկատելիորեն ժողովրդավարացվել էր»: Ինչ վերաբերում է ընդդիմության հանրահավաքի բովանդակությանը, թերթը գրում է. - «Չնայած ընդդիմության վերջին հանրահավաքներում ընդդիմության լիդերների ելույթներում ակնհայտորեն նկատվում էր ժանրի կրիզիս եւ, ինչպես երեկ նկատեց ընդդիմության բոլոր հանրահավաքներին մասնակից մի բանաստեղծ, հանրահավաքներն սկսում էին նմանվել բրազիլական սերիալների, երբ ժողովուրդն անգիր գիտի, թե իր սիրած որ հերոսն ինչ է ասելու, եւ հանրահավաքի հերթական սերիան ինչպես է ավարտվելու, սակայն ստրասբուրգյան իրադարձություններն ակնհայտորեն ազդել էին նաեւ հարթակում կանգնածների ելույթների որակի վրա, եւ երեկ ժանրի կրիզիս հաստատ չկար: Ժողովրդի ակտիվությունը եւս աննախադեպ բարձր էր»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի փոխանցմամբ, ինչքան հաճախակի են դառնում հանրահավաքները, այնքան պակասում է դրանց մասնակիցների թիվը, մարում ոգեւորությունը: «Եվ դա մասնավորապես պայմանավորված է «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանության» ֆինանսական վիճակի վատթարացմամբ», - պնդում է «Հայաստանի Հանրապետություն» թերթը: - «Բանն այն է, որ հանրահավաքները արմատական ընդդիմությունից հսկայական ծախսեր են խլում՝ մասնակիցների վարձատրությունից մինչեւ պլակատ ու դրոշ բռնողների համար հատուկ պարգեւավճարներ, գումարած հայհոյողների ու բղավողների համար հատկացվող գումարները:

«Ազգ» թերթի մեկնաբանի խտացմամբ, երեկ լրացավ հանրահավաքային տարեգրության 1 ամիսը. - «Այդ ժամանակը բավարար չեղավ, որ հասարակությունը համակած լարվածությունը գտնի իր ճանապարհը։ Հայաստանի քաղաքական ու սոցիալական իրականության մեջ սպասում ու անորոշություն է... Իշխանությունը սպասողական վիճակում է, բայց թե ինչ է ձեռնարկելու, երեւի իրեն էլ հայտնի չէ։ Ընդդիմության լիդերները նույն խանդավառ տրամադրության մեջ են, բայց ինչ լինելիքի անորոշությունն իրենց էլ է համակել»։

«Սպասո՞ւմ եք արդյոք որեւէ փոփոխություն ընդդիմության գործելակերպում». «Հայոց աշխարհ» թերթի այս հարցին Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանել է. - «Այս պահին՝ ոչ։ Բանաձեւի հետ կապված՝ ընդդիմության մեր գործընկերները մի տասը օրվա քննարկելու նյութ կունենան... Առայժմ կարծես միտում կա նույնը պնդելու, բայց սա իսկապես հասարակության համար արդեն ձանձրալի է դառնում»: «Ի վերջո, այս ամենը վերածվում է անլրջության։ Սա գործելակերպ է, որ վաղ թե ուշ իրեն սպառելու է», - գնահատում է Գալուստ Սահակյանը՝ նաեւ ակնարկելով. - «Կոալիցիան, այնուամենայնիվ, ընդդիմության դայակը չէ, որ շարունակ տուրք տա իրենց պահանջներին, անընդհատ երկխոսության կոչ անի, իրենք էլ անընդհատ մերժեն»։ Դաշնակցության խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանն էլ «Հայոց աշխարհ»-ում սահմանում է. - «Միանշանակ է՝ Հայաստանում ընտրությունները կայանալու են ժամանակին, եւ քաղաքական ուժերի խնդիրը այլեւս դրանց նախապատրաստվելն է»։ Այս համոզմունքը հենվում է մասնավորապես այն տեսլականի վրա, թե «առանցքային քաղաքական ուժերն իրենց ընտրազանգվածով հենարան են երկրի նախագահին»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG