Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի պաշտոնյան հերքում է ադրբեջանական գործակալության տարածած լուրը


Տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի թմրադեղերի եւ հանցավորության դեմ պայքարի վարչության գնահատման առաքելության ղեկավար Բրայան Թեյլորը այսօր Երեւանում հերքեց արդբեջանական «Թրենդ» գործակալության տարածած տեղեկատվությունը, թե ինքը Բաքվում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում թմրանյութեր պարունակող բույսեր են մշակվում:

Ավելին՝ ըստ ադրբեջանական գործակալության, ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան խոստացել էր Ղարաբաղում թմրանյութեր աճեցնելու մասին տեղեկությունները զետեղել 2004-ի տարեկան զեկույցում:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում տիրող առանձնահատուկ իրավիճակին, այդ առթիվ ես մեկնաբանությամբ հանդես չեմ եկել: Ես որեւէ մեկնաբանությամբ չեմ արել Լեռնային Ղարաբաղում թմրանյութերի աճեցման մասին», - Ազգային ժողովի պատգամավորների եւ իր ղեկավարած առաքելության փորձագետների հանդիպումից հետո լրագրողներին ասաց Բրայան Թեյլորը: - «Ես ընդհանրապես Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին հայտարարությամբ հանդես չեմ եկել: Սա ոչ թե քաղաքական, այլ տեխնիկական առաքելություն է»:

Հերքելով «Թրենդ» գործակալության տարածած տեղեկությունը՝ Թեյլորը, սակայն, անուղղակիորեն կարծես հաստատեց, որ ի վերջո Ղարաբաղում դիտորդական առաքելություն իրականացնելու անհրաժեշտություն ՄԱԿ-ի փորձագետների մոտ կարող է ծագել:

«Սա ապագայում քննարկվելիք հարց է», - ասաց նա: - «Այս այցի ընթացքում մենք Ղարաբաղ չեն այցելելու: Ինչ վերաբերում է հետագային, դա կախված է այլ կառավարությունների հնչեցնելիք առաջարկներից եւ ՄԱԿ-ի թմրադեղերի ու հանցավորության դեմ պայքարի վարչության գործադիր տնօրենի տեսակետից»:

Հայաստանյան աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, Բրայան Թեյլորի ղեկավարած խումբը պատրաստ էր այցելել Լեռնային Ղարաբաղ արդեն այս այցի շրջանակներում: Սակայն Բաքվում նրանցից պահանջել են Ստեփանակերտ հասնել ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի տարածքով եւ խմբում ընդգրկել ադրբեջանցի փորձագետների: Այս պայմանները ղարաբաղյան կողմի համար անընդունելի են եղել եւ, որպես հետեւանք ՄԱԿ-ի փորձագետները որոշել են այցելությունը Ղարաբաղ հետաձգել անորոշ ժամկետով:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG