Մատչելիության հղումներ

Նորանշանակ մշակույթի նախարարը ներկայացվեց նախարարության աշխատակազմին


Երեքշաբթի օրը տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարություն աշխատակազմին ներկայացրեց երեկ նախագահ Քոչարյանի հրամանագրով նախարար նշանակված Հովիկ Հովեյանին:

Քաղաքական կոալիցիայի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններով «Օրինաց երկիր» կուսակցությանը վերապահված այս պաշտոնում կուսակցության նոր անդամ, մինչեւ նշանակումը Հայաստանի գրողների միության քարտուղար, բանաստեղծ Հովիկ Հովեյանը փոխարինել է կուսակցության փոխնախագահ Թամարա Պողոսյանին:

Հարցին, թե ինչից է սկսելու իր գործունեությունը նոր պաշտոնում, Հովիկ Հովեյանը ասաց, որ ուզում է օգտվել «հարյուր օրվա լռության» իր իրավունքից:

«Ընդամենը պիտի լռեմ եւ ուսումնասիրեմ ապարատի աշխատանքը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա, - «որովհետեւ աշխատանքը չեմ համարում պաշտոնին կցված առավելություն, այլ ծառայություն»:

Իսկ ոչ որպես նախարար, այլ որպես մշակույթի մարդ, բանաստեղծ, Հովեյանը մշակութային խնդիրներից առանձնացրեց «մշակույթի արժեվորման պրոֆեսիոնալ չափանիշների կիրառումը»:

Թամար Պողոսյանը, նշելով, որ նախարարի պաշտոնը քաղաքական է, ասաց, որ նորմալ է վերաբերում իր պաշտոնանկությանը:

«Փոխվում են ժամանակները, փոխվում են պահանջները, փոխվում են խնդիրները եւ, կարծում եմ, փոխվում են նաեւ որոշումները», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: - «Ես դեռ շարունակելու եմ անելիքս, դեռ դուրս չեմ գալիս մշակույթի դաշտից»:

«Առանց այդ էլ մի բուռ ժողովուրդ ենք, մի բուռ երկիր ենք՝ այստեղից դուրս ենք գալիս, մի ուրիշ տեղ հանդիպում ենք», - ավելացրեց տիկին Պողոսյանը:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG