Մատչելիության հղումներ

Ընդդիմության վաղվա հանրահավաքը, ամենայն հավանականությամբ, նույնպես չի արտոնվի քաղաքապետարանի կողմից


Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը երկուշաբթի օրը հայտարարեց, որ հայաստանյան միացյալ ընդդիմության՝ մայիսի 4-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հայտը, հավանաբար, կմերժվի:

«Ամսի 4-ի համար այսօր առավոտյան են դիմել, եւ մենք կքննարկենք», - այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց մայրաքաղաքի քաղաքապետ Երվանդ Զախարյանը՝ ավելացնելով. - «Հավանաբար կմերժենք»:

«Եվ եթե շարունակվեն նման ձեւով հանրահավաքներ կատարվել, քաղաքային իշխանությունները նորից կմերժեն այդ հանրահավաքների անցկացումը», - ասաց Զախարյանը՝ փաստարկելով, թե դրանք խոչընդոտում են մեր քաղաքի նորմալ սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ապրիլի 28-ին ընդունած բանաձեւում, հիշեցնենք, խիստ քննդատվել է ընդդիմության հանրահավաքները քաղաքային իշխանությունների կողմից անհիմն մերժելու փաստը:

Քաղաքապետարանը իր վրա չի վերցնում քննադատությունը, քանի որ, ինչպես պարզվեց, կան հանրահավաքաներ, որոնք այս օրերին թույլատրվել են:

«Այդ հանրահավաքները արդեն կայացել են Երեւան քաղաքում վերջին մի քանի օրերի ընթացքում», - տեղեկացրեց քաղաքապետը՝ թվարկելով. - «Մայիսի 1-ի տոնակատարության հետ կապված... Ամսի 2-ին հանրահավաք էր Եհովայի վկաների հետ կապված... Այսօր մենք հանրահավաք ունենք թույլ տրված «Ա1+»-ին: Այնպես որ, այն հանրահավաքները, որոնք անց են կացվում չխախտելով որոշակի նորմեր, մենք այդ հանրահավաքները թույլատրում ենք»:

Քաղաքապետը մտահոգված է, թե հանրահավաքները կարող են փչացնել ընթացիկ տարվա առաջին եռամսյակի դրական ցուցանիշները:

Երեւանը, սակայն, ունի ոչ միայն ձեռքբերումներ, այլեւ ակնհայտ պրոբլեմներ, որոնք դրական ցուցանիշները ներկայացնելիս սովորաբար լիովին շրջանցվում են: Օրինակ, քաղաքի այգիներում 99 տոկոսով նորմատիվները խախտած կառույցների խնդիրը, ինչին անցած ամիս Կենտրոն համայնքի թաղապետարան կատարած այցելության ժամանակ անդրադարձել էր նաեւ երկրի նախագահը՝ հանձնարարելով դրանցից շտկման ենթակաները շտկել, իսկ այն կառույցները, որոնք ենթակա չեն շտկման՝ քանդել:

«Այս կամքը [պետք է] ունենալ՝ մտնել դատարան, թույլտվությունը ստանալ եւ քանդել», - ասել էր Ռոբերտ Քոչարյանը:

«Համաձայն հանրապետության նախագահի հանձնարարականի, այն օբյեկտները, որոնք հնարավոր է բերել նորմատիվային դաշտ, կբերվեն նորմատիվային դաշտ», - այսօր ասաց Զախարյանը: - «Այն մասը, որոնք նորմերի խախտումներով են եւ ուղղակի դրանք այդպես թողնել չի կարելի, անպայման կառաջարկվեն, որպեսզի քանդվեն»:

Քաղաքապետի խոսքերից ենթադրելի է, սակայն, որ տեսականորեն սա հնարավոր է, բայց գործնականում գործարարները իրենց ծախսած միջոցների համար կարող են հանգիստ լինել:

«Իհարկե հնարավոր են համարում», - ասաց նա: - «Բայց ի՞նչ. ձեզ թվում է, որ կապիտալ կառույցները, որոնք այսօր կան, բուլդուզերը մենք պիտի դնենք, քանդե՞նք... Նման հայտարարություն եւ նման առաջարկություն ես երբեք չեմ արել»:

Իսկ թե ինչպե՞ս հայտնվեցին կապիտալ կառույցները տարածքներում, որտեղ թույլատրվում են միայն թեեւ կոնստրուկցիաներով սրճարաններ, այն հարցերից, է որոնք նշանակովի քաղաքապետները պաշտոնավարման ընթացքում շրջանցում են: Պաշտոնը կորցնելուց հետո, ինչպես դա արեց նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, նշում են, որ իրենք թույլ էին նման վճռականություն ցուցաբերելու համար:

Կքանդվե՞ն այն կառույցները, որոնք ուղղակիորեն անհարիր կճանաչվեն մեր քաղաքին, երբ անհարիր ճանաչողը նույն պաշտոնյաններն են, ում թողտվությամբ եւ հովանավորությամբ դրանք կառուցվել են:

«Կարո՞ղ է արդյոք գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ինքն իր թույլ տված սխալները շտկել», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Երվանդ Զախարյանը դրական պատասխանեց՝ հավելելով, թե ամեն մարդ էլ սխալական է:

«Դա ոչ մի նշանակություն չունի: Չեմ կարեւորում, որ պիտի այլ ճարտարապետ լինի, որպեսզի այդ շտկումները վերացնի», - բառացիորեն ասաց մայրաքաղաքի քաղաքապետը՝ հավաստիացնելով, որ առաջիկա ամսվա ընթացքում այդ սխալները կշտկվեն:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG