Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկատվությունը, թե ԱՄՆ ռազմական օդանավերը կտեղակայվեն Հայաստանում


Հայաստանի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի օրը պաշտոնապես հերքել է երեւանյան լրատվամիջոցներից մեկի հաղորդագրությունը, թե Միացյալ Նահանգների զինված ուժերի Եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ Չարլզ Ուոլդի գլխավորած պատվիրակության այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ամերիկյան ռազմական օդանավերը կտեղակայվեն Հայաստանի օդանավակայաններում:

Հավելումն Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հակիրճ հաղորդագրության, պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Սեյրան Շահսուվարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ աղմուկ հանած հրապարակումը սխալ թարգմանության արդյունք է:

«Նշված համաձայնագիրը ոչ մի կերպ չի առնչվում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ռազմական օդանավակայաններում Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական օդանավեր տեղակայելուն», - ասաց գնդապետ Շահսուվարյանը: - «Իրականում համաձայնագրի բուն նպատակը նյութատեխնիկական աջակցության, պաշարների եւ ծառայությունների հետ կապված մյուս կողմի խնդրանքները բավարարելն է»:

Մամուլում հայտնված հաղորդագրությունը հիմնված Էր «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնի տարածած տեղեկատվության վրա: Շահսուվարյանի պնդմամբ, սակայն, երեք անկախ մասնագետներ այսօր թարգմանել են «Ստրաֆոր»-ի վերլուծությունը եւ տեղակայման նասին որեւէ հիշատակում չեն գտել:

Շահսուվարյանը ավելացրեց, որ Ուոլդի այցի ընթացքում ստորագրվածը ոչ թե պայմանագիր է, ինչպես գրվել է մամուլում, այլ համաձայնագիր՝ «Փոխադարձ ձեռքբերումների եւ ծառայությունների մատուցման մասին»:

Ըստ հայաստանյան աղբյուրների, դրանում խոսքը զուտ թիկունքային աջակցության մասին է: Օրինակ՝ եթե ամերիկյան օդանավերը վայրէջք կատարեն Հայաստանում, դրանք կվերալիցքավորեն Հայաստանի միջոցներով:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG