Մատչելիության հղումներ

Ոստիկանության տվյալներով, երեկվա հանրահավաքից հետո ձերբակալվածներ չկան


Հանրապետության ոստիկանության տվյալներով, երեկվա հանրահավաքից հետո ձերբակալվածներ, վարչական պատասխանատվության ենթարկվածներ չկան: Ընդդիմության տեղեկություններով, սակայն, այս պահի դրությամբ կուսակցությունների Երեւանի եւ մարզային կառույցների տասնյակ ակտիվիստների բերման ենթարկել են ոստիկանության բաժիններ: Նրանցից շատերը մի քանի ժամ հետո ազատ են արձակվել, բայց, «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչների պնդմամբ, ոստիկանության տարբեր բաժիններում դեռ կան բերման ենթարկված մարդիկ:

«Արդարություն» դաշինքի շտաբի անդամ Դուրստրիկ Մխիթարյանի փոխանցմամբ, երեկ երեկոյան եւ այսօր առավոտյան բերման է ենթարկվել երեք տասնյակից ավելի մարդ:

«Չարենցավանից այսօր առավոտյան ոստիկանության բաժանմունք են բերման ենթարկվել 18 հոգի՝ այդ թվում նաեւ կանայք: Հրազդանից՝ 1 հոգի, Աշտարակից՝ 4 հոգի: Բոլորը «Հանրապետություն» կուսակցության եւ ՀԺԿ-ի ակտիվիստներ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Դուրստրիկ Մխիթարյանը՝ ավելացնելով, որ դեռ երեկ երեկոյան ոստիկանության 6-րդ վարչություն (կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն) բերման է ենթարկվել «Ազգային միաբանություն» կուսակցության 6 անդամ, որոնց ազատ են արձակել՝ պայմանով, որ ներկայանան ոստիկանության համապատասխան բաժիններ:

Իսկ «Ազգային միաբանության» Նոր Նորքի տարածքային կառույցի ղեկավար Զորիկ Սողոմոնյանի կնոջը, ով աշխատում է Քանաքեռի ոստիկանության անձնագրային բաժնում, թույլ չեն տվել անցնել իր պարտականությունների կատարմանը, քանի դեռ Սողոմոնյանը, ով տանը չի եղել, երբ նրան հեռախոսով հրավիրել են 6-րդ վարչություն, չի ներկայացել:

Իսկ Չարենցավանում ոստիկանություն բերման ենթարկված «Հանրապետություն» կուսակցության 18 ակտիվիստներին, կուսակցության տարածքային կառույցի անդամ Սաշիկ Սայադյանի փոխանցմամբ, ազատ են արձակել, երբ պարզվել է, որ մայրաքաղաքից լրագրողներ են գալիս:

Իսկ մինչ այդ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սայադյանը, իրեն եւ 17 այլ ակտիվիստների ոստիկանություն էին տարել առավոտյան ժամը 9-ին եւ պահել մինչեւ ժամը 17-ը: Այդ ընթացքում փորձել են պարտադրել, որ իրենք բացատրություն գրեն, թե այլեւս չեն մասնակցի հանրահավաքների: Երբ իրենք հրաժարվել են՝ հայտարարելով, որ անպայման մասնակցելու են հաջորդ հանրահավաքներին, Մանուկյան ազգանունով ոստիկանության աշխատակիցը հրահանգել է գործ հարուցել՝ զազրախոսելու մեղադրանքով, եւ վարչական կալանքի ենթարկելու միջնորդություն ներկայացնել դատարանին: Երեւանից լրագրողների գալու մասին լուրն առնելով, սակայն, ոստիկանները բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակվել՝ առանց որեւէ պատասխանատվության ենթարկելու:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG