Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պրյախին. - «Մենք մեր դիրքերը զիջելու մտադրություն չունենք»


Մինչ Ազգային ժողովը այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հանրահավաքների, ցույցերի եւ երթերի անցկացման մասին» օրինագիծը եւ պատրաստվում է վաղը այն քվեարկության դնել երրորդ ընթերցմամբ ընդունելու համար, Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը շարունակում են պնդել, որ օրինագծում ամբողջությամբ հաշվի չեն առնվել եվրոպական չափանիշները:

Անցած շաբաթ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների՝ այս օրինագծի մասին նախնական կարծիքի քննարկման ժամանակ, Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, վրդովված Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Նատալյա Վուտովայի խոսքերից, ով փոխանցեց, որ հանձնաժողովի փորձագետների կարծիքը օրինագծի վերաբերյալ բացասական է, հայտարարեց, թե «քաղաքական նպատակներ են հետապնդվում»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Վուտովան երեքշաբթի օրը ասաց, որ չգիտի, թե ինչ է նկատի ունեցել Ազգային ժողովի փոխխոսնակը այդ հայտարարությունն անելիս: Վուտովայի խոսքերով, ինքը սոսկ փոխանցել է Վենետիկի հանձնաժողովի փորձագետների կարծիքը: Նշենք, որ այդ կարծիքը առայժմ ոչ պաշտոնական է. հանձնաժողովի պաշտոնական կարծիքը կներկայացվի միայն գալիք հունիսին:

Նատալյա Վուտովայի կարծիքով, վերանայման կարիք ունեն օրինագծի մի շարք հոդվածներ: Մասնավորապես, վիճելի է դրույթը, ըստ որի հրապարակային միջոցառման կազմակերպիչները պարտավոր են լիազոր մարմնին տեղյակ պահել անցկացվելիք միջոցառման մասին՝ եթե վերջինիս մասնակիցների թիվը անցնելու է 100-ից, որպեսզի կազմակերպվի հասարակական կարգի պահպանումը: Ըստ Վուտովայի՝ չի կարելի պնդել, թե հասարակական կարգի խախտման հավանականությունը մեծանում է, եթե մասնակիցների թիվը անցնում է հարյուրից. ավելի քիչ թվով մարդիկ էլ կարող են խախտել այն:

Տիկին Վուտովան կարծում է նաեւ, որ հանրահավաքի կազմակերպիչների վրա չափազանց մեծ պատասխանատվություն է դրվում: Նրա խոսքերով, եթե իշխանությունները գտնում են, որ միջոցառման ժամանակ կարող է վտանգ սպառնալ հասարակական կարգին կամ ազգային անվտանգությանը, ապա մտցվող սահմանափակումները պետք է համարժեք լինեն հնարավոր սպառնալիքներին:

«Երբ քաղաքական լարվածությունը երկրում նվազի, մեր կարծիքով, հարկավոր է վերադառնալ այս օրինագծին», - ասաց Նատալյա Վուտովան:

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երեւանյան գրասենյակի ղեմավար, դեսպան Վլադիմիր Պրյախինի կարծիքով, նշված օրինագիծը հաշվի չի առնում ազատորեն հանրահավքներ անցկացելու եվրոպական բոլոր չափանիշները:

Նրա խոսքերով, ըստ եվրոպական չափանիշների եւ, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, մարդն իրավունք ունի փողոցում «ինքնաբուխ կերպով» արտահայտել իր քաղաքական տեսակետները: Իսկ դա, Պրյախինի կարծիքով, օրինագծում հաշվի չի առնվել՝ նույնիսկ ԵԱՀԿ-ի կողմից դիտողությունները ներկայացնելուց հետո:

Պրյախինի խոսքերով, օրինագծի հեղինակները, հենվելով տեղական առանձնահատկությունների վրա, պնդում են, թե Հայաստանում շատ դժվար է իրականացնել հակացույցեր, եւ ոստիկանությունը իրավունք ունի դրանք արգելել՝ եթե բախումը կանխելու հնարավորություն չի տեսնում:

ԵԱՀԿ-ի պնդմամբ, մինչդեռ, ոստիկանությունը պարտավոր է ապահովել կարգը թե' հակացույցերի եւ թե' ցույցերի ժամանակ, որպեսզի մարդիկ միաժամանակ կարողանան արտահայտել իրենց հակադիր կարծիքները:

«Օրինագծի հեղինակները մեզ ասացին, թե մենք տեղյակ չենք հայկական առաձնահատկություններին», - փոխանցեց դեսպանը՝ ավելացնելով. - «Իհարկե, հայկական առանձնահատկությունները Հայաստանում ավելի լավ գիտեն, բայց այս առումով գործող եվրոպական չափանիշները մենք ավելի լավ գիտենք, եւ մենք հասնելու ենք դրանց իրականացմանը՝ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը անդամակցելով Եվրախրհրդին եւ ԵԱՀԿ-ին ստանձնել է որոշակի պարտավորություններ»:

«Մենք մեր դիրքերը զիջելու մտադրություն չունենք», - հայտարարեց Պրյախինը՝ ավելացնելով, որ եթե իրենց դիտողությունները մինչեւ օրինագծի վերջնական ընդունումը հաշվի չառնվեն, իրենք հասնելու են նրան, որ առաջարկված փոփոխությունները կատարվեն օրենքի ընդունումից հետո:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG