Մատչելիության հղումներ

Թուրքիան դատապարտել է Ցեղասպանության ճանաչումը Կանադայի խորհրդարանի կողմից


«Ռոյթեր» գործակալության թղթակցի հարցին ի պատասխան Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Համլետ Գասպարյանը ողջունել է Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի որոշումը Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Թուրքիայի արտգործնախարարությունը, մինչդեռ, ըստ նույն գործակալության, հինգշաբթի օրը տարածած հայտարարությամբ դատապարտել է այդ որոշումը:

Ապրիլի 21-ին ձայների 153-63 հարաբերակցությամբ ընդունած բանաձեւով Համայնքների պալատը ճանաչել եւ դատապարտել է «1915թ. Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ կատարված ոճրագործություն»:

«Սրանով ամբողջացավ Կանադայի օրենսդիր մարմնի կողմից Հայոց ցեղասպանության լիակատար իրավական ճանաչումը, քանի որ դեռեւս 2002 թ. հունիսի 13-ին Կանադայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ», - ասել է Գասպարյանը՝ ընդգծելով, որ բանաձեւի ընդունումը արդյունք էր նաեւ կանադահայ համայնքի «տասնամյակներ տեւած հետեւողական պայքարի»:

Թուրքիան, մինչդեռ, դատապարտել է Կանադայի խորհրդարանի կողմից այդ բանաձեւի ընդունումը՝ նախազգուշացնելով, թե դա կարող է բացասաբար անդրադառնալ թուրք-կանադական հարաբերությունների վրա:

«Մենք խստորեն դատապարտում ենք Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի որոշումը, որը, ի հեճուկս մեր առարկությունների, հետեւել է ծայրահեղական խմբերի ճնշմանը», - ասված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: - «Այս որոշումը շահեկան չէ ոչ կանադահայերի, ոչ էլ Հայաստանի համար: Բոլոր բացասական հետեւանքների պատասխանատվությունը ընկնում է Կանադայի քաղաքական գործիչների վրա»:


Լեոնիդ Զիլֆուղարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG