Մատչելիության հղումներ

Հանրահավաքից հետո կրկին ձերբակալվել են ընդդիմության աջակիցները


Հայաստանյան միացյալ ընդդիմության երեկվա՝ ընդհանուր առմամբ առանց միջադեպերի անցած հանրահավաքից ու երթից հետո, ընդդիմության բազմաթիվ աջակիցներ եւ հանրահավաքի մասնակիցներ բերման են երթարկվել ոստիկանության բաժիններ, շատերը արդեն գիշերը դատարանի որոշմամբ ենթարկվել են վարչական պատասխանատվության:

«Արդարություն» դաշինքից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ իրենց նախնական տվյալներով մոտ 200 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ: Ոստիկանության լրատվական վարչությունից, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան փոխանցեցին, որ երեկ բերման է ենթարկվել ընդամենը 76 մարդ:

Լրատվական վարչությունից տեղեկացրին նաեւ, որ բերման ենթարկվածներից 23-ը ենթարկվել են վարչական կալանքի, 52-ը տուգանվել են: Մեկ մարդու նկատմամբ, ում մոտ սառը զենք է հայտնաբերվել եւ ում անունը չասվեց, նյութեր են հավաքվում:

«Ազգային միաբանություն» կուսակցությունից տեղեկացրին, որ իրենց կուսակցության անդամներից, համակիրներից երեկ բերման է ենթարկվել մոտ 60 մարդ: Կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի փոխանցմամբ, մարդկանց տարել են հենց գրասենյակի մոտից, Ազատության հրապարակի շրջակայքից, հարակից փողոցներից:

«Մարդաորս է սկսվել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գեղամյանը: - «Եվ այդ մարդաորսը կազմակերպող պարոն Քոչարյանը կարծում է, որ այդ ճանապարհով 21-րդ դարում կարող է ծնկի բերել այնպիսի քաղաքակիրթ ժողովրդի, ինչպիսին հայ ժողովուրդն է»:

«Հանրապետություն» կուսակցության համակիրներից, ղեկավար անդամ Արտակ Զեյնալյանի փոխանցմամբ, բերման են ենթարկվել երկու տասնյակից ավելի մարդ, որոնցից 10-ը ենթարկվել են վարչական պատասխանատվության:

Վարդենիսի բնակիչ Վարուժան Թովամսյանը պատմեց, թե ինչպես են իրեն եւ իր երկու համագյուղացիներին տարել ոստիկանություն. - «Փողոցում մեզ շրջապատեցին քաղաքացիական հագուստով մարդիկ ու առանց անձը հարցնելու, առանց որեւէ պատճառի մեզ մտցրին առանց համարների մեքենայի մեջ եւ տարան Զեյթունի միլիցիայի բաժին: Հետո մեզ ստիպում էին, որ մենք կամովին վիզ առնենք, որ մեզ ձերբակալել են խուլիգանության համար: Մի քանի ժամ հետո՝ արդեն բացատրությունները կազմելուց հետո՝ մոտավորապես գիշերվա 2-ին, դատավորի մոտ տարան եւ հետո դատավճիռը կայացրին»:

Թովմասյանը վարչական տուգանքի է ենթարկվել 2000 դրամի չափով: Նա ասաց, որ կրկին կալանվելուց չի վախենում եւ անպայման մասնակցելու է նաեւ հաջորդ հանրավաքներին:

Իսկ տարեց մի կնոջ, իր իսկ խոսքերով, ոստիկանության բաժին էին տարել խաբելով. ասել են, թե մեքենայով տուն կհասցնեն, սակայն տարել ենն ոստիկանություն եւ այսօր առավոտյան տուգանել:

Ըստ ոստիկանության լրատվական վարչության, բոլոր քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական օրենսգքրի 182-րդ հոդվածի հատկանիշներով՝ «հասարական կարգը պահապանելիս ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու համար»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG