Մատչելիության հղումներ

Հայաստանում ԱՄՆ դեսպանը երկխոսության մեջ է տեսնում ելքը փակուղային իրավիճակից


Վերջին 10 օրերի ընթացքում Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը հանդիպել, հեռախոսազրույցներ է ունեցել թե' երկրի նախագահի, թե' ընդդիմության առաջնորդների հետ եւ բոլորին նույն տեսակետն է փոխանցել. անհրաժեշտ է քաղաքական դաշտում գործողություններն առաջ տանել՝ երկխոսելու, առճակատումից ու սադրիչ գործողություններից խուսափելու համար:

«Անկեղծ ասած, մենք ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում, թե ինչ է տեղի ունենում հիմա, եւ ուր է գնում երկիրը այս կետից, ինչ քայլեր են անելու իշխանությունները, կոալիցիոն կուսակցությունները, ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունը, որպեսզի երկիրն առաջ գնա ու զարգանա», - հինգշաբթի օրը հրավիրած ասուլիսում ներհայաստանյան քաղաքական վերջին զարգացումներին, եւ հատկապես Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բռնություններին առնչվող բազմաթիվ հարցերին պատասխանելուց հետո, ասաց Ջոն Օրդուեյը:

Իսկ փակուղուց դուրս գալու միակ ելքը դեսպան Օրդուեյը դարձյալ համարում է երկխոսությունը՝ հերքելով ռուսասատանյան մամուլում հնչած տեսակետները, թե ԱՄՆ ֊ը աջակցում է Հայաստանի ընդդիմությանը:

«Հայաստանի ապագայի, նրա ընտրելիք ուղու, երկրի ղեկավարության մասին քաղաքական որոշումները միայն Հայաստանի ժողովուրդը կարող է կայացնել», - ասաց նա:

Ջոն Օրդուեյը ասաց, որ իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ նրանց նաեւ խնդրանք է փոխանցվել՝ ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին:

«Ուրախ ենք, որ նրանց մեծ մասը, եթե ոչ բոլորը, ազատ են արձակվել», - ավելացրեց նա:

Հարցին, թե ինչպես է վերաբերում փաստին, որ ձերբակալությունները շարունակվում են, Օրդուեյը պատասխանեց, թե այդ մասին հստակ տեղեկություն դեռեւս չունի: Այդուհանդերձ՝ «ոչ կառուցողական» անվանեց նման քայլերը:

Իսկ հարցին, թե իրենց հանդիպման ընթացքում ինչպես արձագանքեց Ռոբերտ Քոչարյանը ԱՄՆ ի պետդեպարտամենտի հայտարարությունը, որ քաղաքական գործունեության, այդ թվում՝ հանրահավաքի մասնակցելու համար մարդիկ չպետք է ձերբակալվեն, իսկ ոստիկանությունը չպետք է խուզարկի կուսակցությունների գրասենյակները, Ջոն Օրդուեյը ասաց, թե ճիշտ չի լինի նախագահի հետ մասնավոր զրույցի մանրամասներ փոխանցելը:

Դեսպանը հույս հայտնեց, որ չեն չկրկնվի ապրիլի լույս 13-ի գիշերվա իրադարձությունները: Ինչպես ընդդիմությունը, այնպես էլ ոստիկանությունը զսպվածություն կցուցաբերեն, կգործեն իրենց պարտականությունների, լիազորությունների շրջանակում:

Հարցին, թե ինչպես է գնահատում ոստիկանության գործողությունները այդ գիշերը, Օրդուեյը պատասխանեց. - «Լույս 13-ի գիշերը տեղի ունեցածի վերջնական արդյունքը սրել է իրավիճակը, ու ավելի դժվարացրել քաղաքական երկխոսությունը»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG