Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ» թերթը «Ծավալվում է» խորագրի տակ առանձնացրել է. - «Չնայած Ռոբերտ Քոչարյանը նախօրեի իր ասուլիսում խորհուրդ տվեց չկենտրոնանալ ընդդիմության հրավիրած հանրահավաքների մասնակիցների թվի վրա, այնուամենայնիվ, չենք կարող չնկատել, որ երեկ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքին ակնհայտորեն ավելի շատ մարդ էր մասնակցում, քան 2003-ի նախագահական ընտրությունների շրջանում ի պաշտպանություն Քոչարյանի հրավիրած հանրահավաքին»: «Երեկվա հանրահավաքը եւ դրան հաջորդած երթն ամենամեծն էր 2004-ին ընդդիմության կազմակերպածներից, ինչը հավելյալ վկայում է, որ ընդդիմության շարժման մարելու մասին խոսակցությունները խիստ չափազանցված են», - նաեւ գնահատում է «Հայկական ժամանակ»-ը:

«Գնահատելու համար տեսնել է պետք ու համեմատել», - հերթական անգամ շեշտադրում է այսօր «Հայաստանի Հանրապետություն» թերթը: - «Ցանկացած ոք, ով չի զլանա, կարող է թերթել մեր վիճակագրական տեղեկագրերը եւ տեսնել մի քանի տարիների ընթացքում երկրում առկա տնտեսական աճի լուրջ ցուցանիշները»:

«Ավելի վաղ եւ շոշափելի կլինեն մեր ձեռքբերումները, եթե ոչ ոք չգերագնահատի իր դերը», - ուշադրություն է սեւեռում այսօր «Առավոտ»-ի թղթակիցներից մեկը ու դիմում այդ թեմայով երեսպաշտությամբ զբաղվողներին. - «Բավակա'ն է, ազատեցեք մեզ ձեր բարությունից ու ողորմածությունից, փորձեք այսօրվա ԱԺ-ից եւ Սահմանադրության երաշխավորի բարձրագույն դերը ստանձնած նախագահից պահանջել՝ հարգել մեր Սահմանադրությունն ու օրենքները, ժողովրդին թույլ տալ-չխոչընդոտել ազատորեն արտահայտել իր կարծիքն ու ցանկությունները եւ ամեն ինչ կգտնի իր ճիշտ ու բնական տեղը: Հերթապահ դատապարտումներից անցեք կոնկրետ գործողությունների»:

Վերջերս նախագահի խորհրդական նշանակված Գառնիկ Իսագուլյանը «Հայոց աշխարհ» թերթում ասում է. - «Ընդդիմությունը չի գնալու երկխոսության, սա իմ հաստատ համոզմունք է: Նրանք միշտ առաջ են քաշելու անիրագործելի նախապայմաններ: Իրենք հաճախ են մեղադրում կոալիցիային նախագահի կողմից կառավարվելու մեջ: Մինչդեռ իրականում հենց ներկայիս արմատական ընդդիմությունն է գտնվում այլ ուժի ազդեցության եւ ուղղորդման ներքո: Այդ ուժը ներկայիս իշխանության նկատմամբ ամենաանհանդուրժողաբար տրամադրված ուժն է, որ հաճախ չի ընդգծվում ասպարեզում, սակայն ներազդում է բոլոր գործընթացների վրա: Ես նկատի ունեմ ՀՀՇ-ն»: Նախագահի խորհրդականը նաեւ գնահատում է. - «Բնավ այն կարծիքին չեմ, թե Հայաստանում ամեն ինչ իդեալական է: Կա սոցիալական լարվածություն, կոռուպցիա, նաեւ չինովնիկներ, որ իրենց տեղերում չեն: Այդ բոլոր պրոբլեմները ներկայիս իշխանությունը կարող է կարգավորել ժամանակի ընթացքում, քանզի միանգամից ոչինչ չի լինում»: Ի վերջո, Իսագուլյանը առաջարկում է. - «Եթե ընդդիմությունը հակառակն է պնդում, ուրեմն թող ներկայացնի ազնիվ, լուսապսակով տղաների 20, 30, 100 հոգիանոց այն ցանկը, որոնք չեն թալանել, կաշառք չեն վերցրել, բարձրակարգ մասնագետներ են եւ կարող են երկու տարում երկիրը դարձնել Ամերիկայից ավելի բարեկեցիկ: Ծրագրերի մասին խոսել պետք չէ, ծրագիրը դա բառերի կույտ է, որը կարելի է շատ գեղեցիկ դասավորել: Թող ցույց տան, թե ովքե՞ր են այդ ծրագրերն իրագործելու»:

«Վերջերս ոստիկանությունը Ազատության հրապարակում բռնեց երկուսին, թե՝ վարձված էին հանրահավաքի ժամանակ կրակելու եւ խառնակություն ստեղծելու: Մատնանշվեց եւ, թե նրանց վարձել է ներկայիս ընդդիմության հայտնի դեմքերից Սմբատ Այվազյանը: Վերջինս էլ այդ ամենը հերքեց, եւ քրեական գործը մնաց օդում անորոշ կախված», - տարակուսում է այսօր «Գոլոս Արմենիի» թերթը՝ այս օրինակի հիման վրա ընդհանրացնելով. - «Երբեմն մեր իրավապահ մարմինների գործողությունների անհեթեթ ու անօգնական մատուցումներից վնասն ավելին է, քան հենց բուն ոչ պրոֆեսիոնալ գործողություններից: Մի՞թե չեն հասկանում, որ լրատվությունը պիտի լինի ամբողջական ու համոզիչ, մարդկանց պիտի միանգամայն հասկանալի լինեն յուրաքանչյուր խուզարկության, կալանման եւ ձերբակալության պատճառներն ու հիմքերը: Այլապես շուտասելուկի պես միայն քրեական հոդվածներ թվարկելը միայն գրգռում ու անվստահություն է հարուցում: Իրավապահների այս գործելաոճը հսկայական վնաս է հասցնում երկրի միջազգային հեղինակությանն ու արջի ծառայություն է իշխանություններին», - շեշտում է «Գոլոս Արմենիի»-ին՝ այդ առումով ակնկալելով անհապաղ վճռական փոփոխություններ:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG