Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները պնդում են, թե իշխանությունները կրկին խոչընդոտում են հանրահավաքի հնարավոր մասնակիցների մուտքը Երեւան


Միացյալ ընդդիմության այսօրվա հանրահավաքից առաջ իրավապահները, ընդդիմադիրների պնդմամբ, կրկին սահմանափակում են մարզերի բնակիչներից հանրահավաքի հնարավոր մասնակիցների մուտքը մայրաքաղաք, թեեւ իրավիճակը Երեւան բերող մայրուղիներում այս անգամ փոքր-ինչ այլ է:

Առաջին հայացքից մայրաքաղաք մտնող ճանապարհները բաց են: Թեեւ հարկ է նշել, որ թե' Աշտարակի, թե' Աբովյանի ու թե' Նոր Խարբերդի մայրուղիների պետավտոտեսչության կետերում ոստիկանների քանակը գրեթե երկու անգամ գերազանցում էր սովորականին: Բացի այդ, ոստիկանական կետեր են հայտնվել հիմնական մայրուղիներից դուրս: Օրինակ, Աշտարակից Եղվարդ տանող ամայի ճանապարհին կանգնած էին պետավտոտեսչության չորս սպա: «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցին ի պատասխան, նրանք ասացին, թե առեւանգված մեքենա են որոնում:

Ի դեպ, առավոտյան ստացված ահազանգերի մեծ մասը վերաբերում էր հենց Աշտարակի մայրուղուն, սակայն կեսօրին մոտ այստեղ արդեն տեսանելի խոչընդոտներ չկային: Ավտոբուսները եւ երթուղայինները անխափան մուտք էին գործում Երեւան:

Ընդդիմության ներկայացուցիչները, սակայն, նշում են, որ իշխանությունները այսօրվա հանրահավաքից առաջ էլ փակել են հանրապետության մի շարք ճանապարհները՝ բայց ոչ թե Երեւանի մերձակայքում, այլ մարզերում: Հանրահավաքից մի քանի ժամ առաջ այդ մասին հայտնեց «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Դուստրիկ Մխիթարյանը:

«Փոխել են, այսպես ասած, մարտավարությունը», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Մխիթարյանը: - «Փակել մյուս քաղաքներից եւ գյուղերից դուրս եկող ճանապարհները: Այդտեղ հիմնականում ոստիկաններ են՝ շուրջկալներ են անում եւ փակում են»:

Կեսօրին մոտ «Արդարություն»-ում արդեն հասցրել էին ամփոփել առավոտվանից արձանագրված մի շարք փաստեր: Օրինակ, Գյումրիից Երեւան տանող ճանապարհին այսօր ոստիկանները ուժեղացված հսկողություն էին սահմանել:

Դուստրիկ Մխիթարյանի փոխանցմամբ, ժամը 14-ի սահմանում ամենածանր վիճակը ստեղծվել էր Արմավիր քաղաքի մոտ: Այստեղ տեղական իշխանությոնները դիմել էին արդեն փորձված մեթոդների՝ ճանապարհը փակելով մեքենաներով:

Դուստրիկ Մխիթարյանի փոխանցմամբ, տեղական իշխանությունները դիմում են նաեւ այլ քայլերի. ընդդիմության ակտիվիստներին լավ ճանաչող տեղի իրավապահները նրանց պարզապես իջեցնում եմ երթուղայիններից: Ակտիվիստներից մի քանիսին էլ հանրահավաքի նախօրեին կանչել են ոստիկանություն՝ նրանց հաջորդ օրը (այսինքն՝ այսօր) հարցաքննության հրավիրելով:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG