Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը մտադիր չէ ցրել կառավարությունը եւ Ազգային ժողովը


Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեքշաբթի օրը հայտարարեց, որ վարչապետին ազատելու, կառավարությունը կամ Ազգային Ժողովը ցրելու մտադրություն չունի: Երկրի նախագահը նաեւ ասաց, որ ներկայիս հայաստանյան ընդդիմության քայլերը նպաստում են իշխանական կոալիցիայի ամրապնդմանը:

«Արդյունավետ աշխատելու հնարավորություն մենք ունենք այս քաղաքական թիմով եւ աշխատելու ենք միասին առնվազն մինչեւ խորհրդարանական ընտրությունները՝ երեք տարի», - Հայաստանի ազգային պատկերասրահում լրագրողներին ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Նախագահը չհամաձայնեց լրագրողներից մեկի պնդմանը, թե նախորդ շաբաթ կոալիցիան բոյկոտել էր եռօրա նիստերը:

«Քաղաքական կոալիցիան չի բոյկոտում, եւ հաջորդ շաբաթ դուք կտեսնեք, որ եռօրյան կլինի եւ կլինի արդյունավետ եռօրյա», - ասաց նախագահը՝ մեկ նիստի չկայանալն էլ կապելով Բաղրամյան պողոտայում անցկացված ցույցի, Ազգային ժողովի նկատմամբ հնչած սպառնալիքների հետ:

Երկրի նախագահը ուղղակի պատասխան չտվեց վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի՝ մամուլում հրապարակված հայտարարությանը վերաբերող հարցադրմանը, թե վարչապետին պաշտոնանկ անելու դեպքում ՀՀԿ-ն կմիանա ընդդիմությանը: Ռոբերտ Քոչարյանը ասաց, թե չի հասցրել ծանոթանալ մամուլին:

Նա հստակ նշեց, որ տնտեսական աճ ապահովող կառավարությունը կշարունակի աշխատել:

Ռոբերտ Քոչարյանը նաեւ մեկնաբանեց, թե ինչու են լուրեր տարածվում Ազգային ժողովը կամ կառավարությունը ցրելու վերաբերյալ:

«Տարածում են երեւի մեկ նպատակով՝ անվստահության մթնոլորտ ստեղծել կոալիցիայի շրջանակներում, անվստահության մթնոլորտ ձեւավորել նախագահ - վարչապետ հարաբերություններում», - ասաց նա՝ ավելացնելով. - «Դուք կտեսնեք, որ ընդդիմությունը իր քայլերով շատ լուրջ խթան է հանդիսանում այսօր կոալիցիային ավելի ամուր եւ ավելի համաձայնեցված աշխատելու առումով»:

Անդրադառնալով Սիլվա Կապուտիկյանի որոշմանը՝ հետ վերադարձնել Ռոբերտ Քոչարյանից ստացած «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը, նախագահը ասաց. - «Ուղղակի ափսոսանք եմ հայտնում: Եթե ինքը չլիներ, ավելի կոշտ պատասխան կտայի»:

Նախագահը ավելացրեց, որ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը ոչ թե Ռոբերտ Քոչարյանի, այլ Հայաստանի Հանրապետության շքանշանն է:

Խոսելով հայաստանյան ներկայիս ընդդիմության մասին, նախագահը հետեւյալ համեմատությունն արեց. - «Ոնց որ երեխան, որ մեկ-մեկ ծնողներից նեղանում է, որ խաղալիք չեն առել, մի քիչ թանկ է խաղալիքը, ասում է՝ հաց չեմ ուտելու: Հետո կոնֆետ են տալիս, բան են տալիս, որ ինքը իր հացը ուտի: Մի կես ժամ, մի ժամ հանգիստ ես թողնում, սովածանում է երեխան, սկսում է իր ճաշը ուտել: Հիմա այսպիսի մի վիճակ ունենք քաղաքական դաշտում՝ ինձ համար զարմանալի: Լարվածությունը, այո, պրոբլեմներ կարող է ստեղծել երկրի համար»:

Այդ խնդիրները, ըստ նախագահի, կարող են առաջանալ ներդրումային մթնոլորտում՝ բիզնես-ծրագրերում մարդիկ ավելի զգուշավոր կլինեն, ինչն ուղղակի վնաս է հասցնում երկրին: Այսինքն՝ ներքաղաքական լարվածության հնարավոր բացասական հետեւանքները դիտվեցին տնտեսական ոլորտում:

Իսկ ընդդիմության համար Ռոբերտ Քոչարյանը միայն մեկ ճանապարհ է տեսնում:

«Ճանապարհը մեկն է՝ վերադառնալ Ազգային ժողով, աշխատել Ազգային ժողովում, կատարել այն պարտականությունները, որոնք մարդիկ պետք է կատարեն», - ասաց նա:

Ընդդիմությունը, հարկ է արձանագրել, Ազգային ժողով վերադառնալու մտադրություն չունի. գոնե առայժմ այդ մասին ակնարկ անգամ չի եղել: Նրանք վճռական են շարունակելու հանրահավաքային պայքարը:

Ռոբերտ Քոչարյանի ձեւակերպմամբ՝ չկա մի երկիր, որտեղ ընդդիմությունը չի ցանկանում գործող իշխանության հրաժարականը, բայց նաեւ չկա մի երկիր, որտեղ իշխանությունը քայլեր չի ձեռնարկում կայունությունը ապահովելու եւ իր գործառույթները իրականացնելու համար:

«[Ընդդիմության] Նպատակները ակնհայտ են», - շեշտեց Ռոբերտ Քոչարյանը: - «Նպատակները օրինականության հետ եւ սահմանադրական կարգի հետ ուղղակի որեւէ առնչություն չունեն: Եվ արձագանքը լինելու է համարժեք այդ քայլերին: Եղա՞վ»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG