Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական հաշտեցման հանձնախումբը ավարտված է հայտարարում իր առաքելությունը


Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող Հայ-թուրքական հաշտեցման հանձնախումբը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ հասել է իր հիմնական նպատակներին եւ դադարեցնում է իր գոյությունը՝ ճանապարհ բացելով երկու ժողովուրդների միջեւ ավելի լայն շփումների համար:

Հայտարարությունը հետեւել է Ռուսաստանի մայրաքաղաքում այդ մասնավոր հանձնախմբի երեք թուրք եւ չորս հայ անդամների մասնակցությամբ տեղի ունեցած եռօրյա նիստին: Հայ անդամներից մեկը՝ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը ապրում եւ աշխատում է Մոսկվայում:

«Հայ-թուրքական հաշտեցման հանձնախումբը հայտարարում է, որ ավարտում է իր գործունեությունը», - ասված է «Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ հայտնված նրանց հայտարարության մեջ: - «Հանձնախումբը պետք է գործեր մեկ տարի, բայց իրադարձությունների ընթացքը ավելի երկար ժամանակ պահանջեց մեր նպատակներին հասնելու համար»:

«Մենք զգում ենք, որ քաղաքացիական հասարակությունների շփումներում առաջընթացը անընդմեջ է եւ ժամանակի հետ աճելու է: Մենք զգում ենք նաեւ, որ բացի մեր հանձնարարականներից, պաշտոնական հարաբերությունները կարող են այժմ լավագույնս շարունակվել եւ առաջ ընթանալ՝ առանց հանձնախմբի կառույցի»:

2001 թվականի հուլիսին ԱՄՆ Պետդեպարտամենտի մասնակցությամբ ստեղծված հանձնախումբը գործունեության ավարտին հաստատել է մի շարք «հանձնարարականներ» Հայաստանի եւ Թուրքիայի կառավարություններին՝ թե ինչպես բարելավել լարված հարաբերությունները: Այդ հանձնարարականների բովանդակությունը չի հրապարակվում:

«Հանձնարարականները իրագործվելու հնարավորությունն ավելի մեծ է, եթե դրանք ներկայացվեն ոչ հրապարակային, մասնավոր կերպով», - «Ազատություն» ռադիոակայանին ասաց հանձնախմբի անդամներից մեկը՝ ավելացնելով, թե դրանք հրապարակելը երկու կառավարությունների որոշելիքն է:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG