Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Թերթերից այսօր միայն «Հայկական ժամանակ»-ն է հասցրել ներկայացնել, թե ինչ է կատարվել անցած գիշեր Երեւանի կենտրոնում՝ «Բռնություններ ընդդեմ խաղաղ ցուցարարների» խորագրի տակ փոխանցելով մասնավորապես հետեւյալ պատկերը. - «Գիշերը ժամը 2-ին Բաղրամյան պողոտայում էին մոտ երեքուկես, չորս հազար ընդդիմության կողմնակիցներ: Նրանց պահվածքում ագրեսիվության նշույլ անգամ չկար. մարդիկ հանգիստ պառկած էին գետնին կամ նստած, կամ էլ՝ զրուցում էին: Մոտավորապես այսպիսին էր իրավիճակը, երբ փշալարերից այնկողմ, այսինքն՝ ոստիկանության զորքերի շրջանում աշխուժություն նկատվեց, որը շուտով վերածվեց ակտիվ նախապատրաստությունների: Ջուր ցանելը, պայթյունները տեւեցին մոտ տասը րոպե: Ապա անսպասելի Բաղրամյան փողոցի ներքեւի մասից ռետինե մահակներով ու պայթուցիկներով ցուցարարների շարքերը մտան կարմիր բերետավորները, որոնք դաժան ծեծի ենթարկեցին ցուցարարներին: Գրեթե միաժամանակ ԱԺ Բաղրամյան մուտքից, այսինքն՝ ցուցարարների ձախ թեւից նրանց վրա հարձակվեցին ՀՀ ոստիկանության՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչության աշխատակիցները: Սրանից հետո արդեն գործողության մեջ դրվեցին ոստիկանության զորքերի ուժերը... Հայհոյանքներ ու անեծքներ տեղալով՝ մարդիկ նահանջում էին, եւ ի վերջո՝ Բաղրամյան պողոտան եւ նրանց հարող փողոցներն ամբողջությամբ անցան ոստիկանների հսկողության տակ»:

Իսկ մինչ այս ամենը, դեռ երեկվա հայացքով, «Հայոց աշխարհ» թերթը ամրագրել է. - «Շուրջ երկու ամիս միայն իշխանափոխության անխուսափելիությունից խոսող արմատականները խայտառակ ձեւով տապալվեցին: Հենց ընդդիմությունն ինքը վերջին օրերին ապացուցեց, որ Հայաստանում չկան իշխանափոխության համար անհրաժեշտ՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, ներքին ու արտաքին պատճառներ եւ պայմաններ»: «Որո՞նք էին փրկիչների լիակատար ֆիասկոյի պատճառները» հարցադրման շրջանակում «Հայոց աշխարհ»-ը թվարկում է. - «Ժողովուրդը եւ մանավանդ մայրաքաղաքի բնակչության ճնշող մեծամասնությունը չգնաց արմատականների հետեւից... Իրավապահները անվրդով կատարեցին օրենքով սահմանված իրենց գործառույթները: Արդյունքում ակնհայտ դարձավ. Հայաստանում իսկապես կա՛ ուժեղ պետություն... Արմատականների ողջ քարոզարշավը ամիսներ շարունակ կառուցված էր Ռոբերտ Քոչարյան - Սերժ Սարգսյան տանդեմին թիրախ դարձնելու եւ կոալիցիային ու նրա մեջ մտնող ուժերին, այսինքն՝ իշխանության քաղաքական հենարանին, վերջիններից սահմանազատելու մարտավարության վրա, ինչը, սակայն, չհաջողվեց»: Ըստ «Հայոց աշխարհ»-ի, սխալ գնահատվեց «միջազգային-քաղաքական կացությունը, մանավանդ եվրոպական կազմակերպությունների եւ ԱՄՆ-ի հնարավոր արձագանքը հայաստանյան ընդդիմության կողմից առաջադրվող նախագահի վստահության հանրաքվեի հարցին»:

«Գոլոս Արմենիի» թերթն էլ երեկվանից որակում է. - «Հեղափոխության մասին բլեֆը ավարտվեց փշալարերի մոտ փնթի հավաքույթով: Արմատական ընդդիմության հավակնոտ ծրագրերը փուչիկի պես պայթեցին»: Թերթի մեկնաբանը մասնավորապես գրում է. - «Իշխող կոալիցիայի ցանկացած կուսակցություն ընդդիմադիրներից կրկնակի ավելի միտինգավոր կարող է հավաքել: Ընդդիմության միակ շանսը կոնֆլիկտային իրավիճակ սադրելն էր, եւ երբ դրա դեմ կարմիր լույս վառվեց, նրանց այդ պլանները հօդս ցնդեցին»:

«Նորանշանակ օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը արդեն իսկ հասցրել է աչքի ընկնել մարդու իրավունքների մասին իր ունեցած ուրույն պատկերացումներով», - ձեւակերպել է այսօր «Հայկական ժամանակ»-ը՝ փոխանցելով. - «Մեկուսարաններում վարչական կալանքի ենթարկվածներին այցելելով՝ նա դասախոսություններ է կարդացել հանրահավաքների վնասակարության մասին»:

«Իրավունք» թերթի ուրվագծմամբ, բողոքի գործողությունների մասնակիցների քանակը եղավ ավելին, քան ակնկալում էին իշխանությունները. - «Ակնհայտ դարձավ, որ ե'ւ ճանապարհներ փակելը, ե'ւ լրատվական շրջափակման փորձերը, ե'ւ հեռուստաեթերից հնչող սպառնալիքներն ու «գլխաքանակով» ընթացող ձերբակալությունները ի վիճակի չեն ջարդել ժողովրդական ընդվզման ալիքը: Դա հանգեցրեց նրան, որ իշխանությունները նախընտրեցին «նյարդերի պատերազմի» տարբերակը՝ ակնկալելով, որ բողոքավոր զանգվածը կհոգնի ու կհիասթափվի, կամ էլ ընդդիմադիր առաջնորդների նյարդերը տեղի կտան»: «Եթե Բաղրամյան պողոտայում մարդկանց քանակն անցնի ինչ-որ կրիտիկական զարգվածից, ապա Ռոբերտ Քոչարյանի շրջապատը կարող է հրաժարվել նյարդերի պատերազմի մարտավարությունից եւ դիմել ուժային քայլերի», - նախանշել էր «Իրավունք»-ի մեկնաբանը: - «Այդ դեպքում հետեւանքներն իրոք կարող են լինել անկանխատեսելի, ու ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ դեպքում հենց Քոչարյանը հաղթող դուրս կգա»: Նկատի է առնվում հատկապես դրսի արձագանքը: «Իրավունք»-ում կա նաեւ այսպիսի դիտարկում. - «Իրավիճակի վրա ազդում է նաեւ այն, որ, ըստ էության, կոտրվեց բնակչության տեղեկատվական շրջափակումը: Իշխանությունները չեն կարող դադարեցնել կամ խլացնել բոլոր արտերկրյա հեռուստաալիքների հեռարձակումը: Դա հանգեցրեց նրան, որ հայաստանյան հեռուստաընկերություններն էլ սկսեցին ցուցադրել հանրահավաքներն ու երթը պատկերող կադրեր»:

Անդրադառնալով Ազգային ժողովի աշխատանքների դադարին՝ «Առավոտ» թերթը ընդգծում է. - «Շատ ավելի ողջամիտ կլիներ, եթե իշխող կոալիցիան ներկայացնող պատգամավորները հիշեին, որ պատասխանատվություն են կրում երկրում տեղի ունեցող իրադարձությունների համար, հետեւաբար, պարտավոր էին ապահովել քվորումը՝ քննարկելու համար տեղի ունեցող զարգացումներն ու դրանցից հնարավոր ելքեր գտնելու ճանապարհները... Ինչի՞ է նման՝ երկխոսության կոչեր անել եւ չգալ աշխատանքի, որտեղ այդ երկխոսությունը կարող է տեղի ունենալ», - իշխանական կոալիցիային է մեղադրում «Առավոտ»-ը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG