Մատչելիության հղումներ

Ընդդիմության հանրահավաքը տեղափոխվել է Բաղրամյան պողոտա


Ապրիլի 9-ին Ազատության հրապարակում հայաստանյան ընդդիմության՝ նախագահ Քոչարյանի հրաժարականի պահանջով սկսած հանրահավաքի կազմակերպիչները երկուշաբթի օրը նախորդ օրերի համամետությամբ ակնհայտորեն ավելի բազմամարդ ցուցարարներին երթով առաջնորդեցին դեպի նախագահի նստավայր, սակայն, քանի որ Ազգային ժողովի շենքի մոտ իրավապահները Բաղրամյան պողոտան փակել էին փշալարերով ու ջրնետ մեքենաներով, երթը կանգ առավ ու հանրահավաքը շարունակվեց արդեն այստեղ:

Մինչեւ երթը Ազատության հրապարակում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը իր ելույթ ասաց, թե երկրում ստեղծված իրավիճակը փոխելու՝ ժողովրդի վճռականությունն իրականացնելու ցանկության ճանապարհին կանգնած է մեկ մարդ՝ Ռոբերտ Քոչարյանը:

«Իհարկե, Ռոբերտ Քոչարյանը պետք է հեռանա», - ասաց նա: - «Դա առաջին քայլն է: Հետո կլինի երկրորդ քայլը՝ կլինեն ընտրություններ եւ մենք կունենանք նոր նախագահ: Ռոբերտ Քոչարյանի հեռանալուց հետո մենք ամեն ջանք կթափենք, աչալուրջ կհետեւենք, որ իշխանությունը անցնի ժողովրդին»:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդներից Արամ Սարգսյանը հայտարարեց. - «Մենք չենք պատրաստվում որեւէ ընդհարման: Մենք երթով շարժվում են դեպի Բաղրամյան պողոտա: Ոստիկանությանն ասում եմ՝ չփորձեք որեւէ պրովակացիաներ, չփորձեք ժողովրդի հետ գնալ ընդհարման: Մենք հակված չենք ձեզ հետ ընդհարվելու, մենք ձեզ հակառակորդ չենք համարում»:

Ազատության հրապարակում վերջինը ելույթ ունեցավ Ստեփան Դեմիրճյանը: «Այն ուժը, այն կամքը, որ այստեղ կա, մենք նպատակաուղղելու ենք մեր երկրի կառուցմանը, մեր երկրի զարգացմանը», - ժողովրդին երթի առաջնորդելուց առաջ ասաց Դեմիրճյանը:

Բաղրամյան պողոտայի սկզբնամասը արգելափակված էր պետավտոտեսչության մի քանի մեքենաներով: Սակայն, երբ երթի մասնակիցները փորձեցին ճոճելով տեղաշարժել դրանք, պետավտոտեսուչները մոտեցան եւ իրենք հեռացրին ավտոմեքենաները:

Ազգային ժողովի շենքի մոտ պողոտան իրավապահների շատ ավելի մեծ ուժերով էր փակված. Ազգային ժողովի կենտրոնական մուտքից մինչեւ Գիտությունների ակադեմիայի շենքը ասֆալտը երեք շարքով ծածկված էր փշալարերով, որոնց հետեւում կանգնած էր մահակավոր ու սաղավարտավոր զինվորականները հոծ շղթան:

Երբ բաձրախոսներով մեքենան հասավ փշալարե արգելափակոցին, հանրահավաքը շարունակվեց: Հավաքվածները վանկարկում էին՝ «Ռոբե'րտ, հեռացի'ր»:

Դիմելով պողոտան փակած ոստիկաններին՝ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը ասաց. - «Սիրելի զինվորներ, ես ցավում եմ ձեզ համար: Ձեզ ուզում են դարձնել բուլդոգներ, որպեսզի պաշտպանեք այդ թալանչիներին, զարտուղի ճանապարհներով հարստացած տզրուկներին: Եվ պաշտպանում եք այս ընչազուրկ մայրերի եւ հայրերի դեմ: Հասկացեք դա»:

«Ձեզ փորձում են համոզել, խաբել, իբր թե ծառայում եք պետությանը, բայց ձեզ դրդում են ծառայել միայն ապօրինի վարչախմբին, կատարել նրանց ապօրինի հրահանգները», - իր հերթին ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը՝ իրավապահներն կոչ անելով բարձր պահել հայ սպայի պատիվը:

Զինվորներին «վարչակազմի պատանդ» չդառնալու կոչով դիմեց «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը: «Այդ վարչակազմը աչքի է ընկել միայն եւ միայն թալանով, միայն եւ միայն դավադիր հոկտեմբերի 27-ով, միայն եւ միայն Արցախի հերոս Սամվել Բաբայանին Շուշիի բերդ տանելով», - ասաց նա՝ շարունակելով. - «Դուք փակում եք ձեր իսկ երեխաների ապագայի ճանապարհը»:

Ընդդիմադիր 4 պատգամավորներ՝ Վիկտոր Դալլաքյանը, Գրիգոր Հարությունյանը, Սմբատ Այվազյանը եւ Գագիկ Կոստանդյանը փորձում էին Ազգային ժողով մտնել՝ խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպելու: Սակայն նրանց ներս չթողեցին ոչ ԱԺ կենտրոնական մուտքից, ոչ էլ Դեմիրճյան փողոցի մուտքից:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Վիկտոր Դալլաքյանը, այսօր Ազգային ժողովի նախագահին հանդիպել չի հաջողվել, սակայն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Արթուր Բաղդասարյանը ընդդիմադիր պատգամավորներին կընդունի վաղը:

Թեեւ ցուցարարների շարքերը երեկոյան որոշակիրեն նոսրացան, այդուհանդերձ, Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ երթեւեկության համար:


Հրաչ Մելքումյան, Ռուզան Ստեփանյան եւ Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG