Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրների ձերբակալությունները շարունակվում են


Ընդդիմադիրների հանրահավաքների ակտիվ մասնակիցներին շարունակում են բերման ենթարկել ոստիկանություն՝ վարչական տույժերի ենթարկելու եւ «պրոֆիլակտիկ զրույցներ» անցկացնելու: Ըստ պաշտոնական աղբյուրների, ապրիլի 9-ից ի վեր ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել 61 քաղաքացի, որոնցից 31-ը 2-6 օրով վարչական կալանքի է ենթարկվել դատարանի որոշմամբ: Մարզերում կատարված ձերբակալությունների մասին տվյալներ առայժմ չկան:

Ընդդիմության տվյալներով, մարտի 28-ից ի վեր ավելի քան 250 մարդ է տարվել ոստիկանություն: Ստույգ տեղեկություններ, թե նրանցից քանիսն են վարչական կալանքի կամ տույժի ենթարկվել, ընդդիմությունն էլ չունի, քանի որ, ըստ քաղաքացիների դիմումների, դատարաններն իրենց չեն տալիս վարչական այս կամ այն տեսակի պատասխանատվության ենթարկելու մասին որոշումները:

Կիրակի օրը Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, ապրիլի 9-ի հանրահավաքի ընթացքում «ապօրինի զենք կրելու համար ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Մոսկվայում բնակվող, նախկինում դատված Գեւորգ Մեսրոպյանին եւ Արթուր Մանգասարովին»:

Այնուհետեւ հաղորդագրությունը, առանց անուն նշելու, տեղեկացնում է, որ Ազգային ժողովի պատգամավորներից մեկը, իր համախոհների հետ պետք է «ահաբեկչություն» իրականացներ: Չի նշվում նաեւ, թե կոնկրետ ում նկատմամբ էր պատրաստվում ահաբեկչությունը: Արդեն երեկոյան պարզ դարձավ, որ այդ պատգամավորը «Արդարություն» խմբակցության անդամ Սմբատ Այվազյանն է:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Արտակ Զեյնալյանի խոսքերով, ոստիկանության աշխատակիցները հանրահավաքների մասնակիցների հարազատներին ու երեխաներին են պատանդ վերցնում: Ապրիլի 10-ի երեկոյան, օրինակ, քաղացիական հագուստով ոստիկանները պատանդ են վերցրել Գայանե Աշուղյանի 16-ամյա դստերը՝ Նունե Աշուղյանին: Մալաթիա-Սեբաստիա համայքնի ոստիկանությունում մինչեւ ուշ գիշեր պահելուց հետո Նունե Աշուղյանն ազատ է արձակվել:

Օրվա առաջին կեսին մայրաքաղաքի համայքներում հանրահավաքի վերաբերյալ հայտարարություններ անելիս, ոստիկանություն են տարվել Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության անդամներ Թաթուլ Մանասերյանը եւ Վարդան Մկրտչյանը՝ «վրաերթի փորձ» կատարելու պատճառաբանությամբ: Պատգամավորները կարճ ժամանակ անց ազատ են արձակվել:

«Հայաստանում ապօրինի իշխանությունները իրենց քայլերով ամբողջ մեր հանրապետությունը դրել են Եվրոպայի խորհրդից դուրս», - գնահատեց «Արդարություն» դաշինքի ղեկավաներից Շավարշ Քոչարյանը: - «Միանշանակ մենք այսօր քաղաքակիրթ աշխարհից դուրս ենք»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG