Մատչելիության հղումներ

Իշխանությունները կրկին դիմում են նախագահական ընտրություններից հետո կիրառված մեթոդներին


Ինչպես եւ անցած տարվա նախագահական ընտրությունների ավարտին բարձրացած բողոքի ցույցերի ընթացքում, իշխանությունները՝ ընդդիմության երեկ սկսած բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ կիրառում են միջազգային կազմակերպությունների կողմից բազմիցս քննադատված, խորհրդային տարիներից ի վեր գործող Վարչական օրենսգիրքը:

Ընդդիմադիր կուսակցություններում նորից սկսել են բերման ենթարկվածների, կալանավորվածների, վարչական տույժերի ենթարկվածների ցուցակներ կազմել. նրանց տվյալներով, երեկվա հանրահավաքից հետո՝ շաբաթ կեսօրի դրությամբ մոտ 60 մարդ են տարել ոստիկանության տարբեր բաժիններ: Դրանցից 30-ը Գառնի գյուղի բնակիչներն են, ովքեր այսօր ոտքով գալիս էին մասնակցելու հանրահավաքին:

Դատարանների որոշմամբ, նույն ընդդիմադիրների տվյալներով, արդեն շուրջ մեկ տասնյակ մարդ ենթարկվել է մինչեւ 15 օրով վարչական կալանքի:

Ոստիկանության լրատվական վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ վարչական կալանքի ենթարկվածների վերաբերյալ տվյալները ի մի են բերվում, եւ պաշտոնական թվերը կհրապարակվեն ավելի ուշ:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Տանում են համապատասխան բաժիններ եւ նրանցից փորձում են կորզել պարտավորագրեր, որ իրենք հանրահավաքների այլեւս չեն մասնակցի՝ սպառնալով, որ կարող են նրանց դեմ հարուցել քրեական գործեր»:

Մարգարա գյուղից Ռուբեն Եկմալյանին, Արտաշատից Աշոտ Կարապետյաին ու Ակսել Եփրեմյանին բերման էին ենթարկել հանրահավաքից հետո. առաջինին՝ Մաշտոցի պողոտայում, վերջին երկուսին՝ Թումանյան փողոցում:

Նրանց պատմելով, իրենց ոստիկանության բաժիններում պահել են ամբողջ գիշեր, իսկ առավոտյան դատարանը որոշել է նրանց ենթարկել 1000-ական դրամ տուգանքի:

Աշոտ Կարապետյանի խոսքերով, իրենց կալանելու պատճառը, իբր աղջիկներին վիրավորելն է: «Մենք ասացին, թե՝ ո՞ւմ ենք վիրավորել, իրենք, թե՝ նստեք ավտոն հետո կիմանաք»: Ամբողջ գիշերը Արաբկիրի ոստիկանությունում պահելուց հետո Կարապետյանին եւ Ակսել Եփրեմյանին այսօր կեսօրին բերել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան:

«Կենտրոն համայնքի առաջին ատյանի դատավոր Էդիկ Ավետիսյանը ասաց, որ տեսնում եմ՝ առաջին անգամն եք, ներում եմ այս անգամ ձեզ, բայց մյուս անգամ, գնացեք ձեր ընկերներին էլ, ձեր միտինգի մասնակիցներին էլ ասեք, որ մենք ամեն ինչ անելու ենք, այնպես որ՝ գնացեք ձեր տները, ձեր գործերով զբաղվեք»:

Երկու դեպքում էլ քաղաքացիներին բերման ենթարկողները եղել են քաղաքացիական հագուստով իրավապահներ: Իսկ դատավորի որոշման մեջ գրված է, որ նրանք վարչական տույժի են ենթարկվել «հասարակական կարգը խանգարելու, խաչմերուկում ոստիկանության աշխատակիցներին չենթարկվելու համար»:

Այս գործելոճը, փաստորեն, որ կիրառվել էր անցած գարնանը նախագահական ընտրություններին հետեւած բողոքի ցույցերի ժամանակ, փաստորեն, նույնն է մնացել: Մտահոգված վերջին օրերին Հայաստանում մարդու իրավունքների -հիմնարար զանգվածային խախտումներով իրավապաշտպան 7 հասարակական կազմակերպություններ ստեղծել են մարդու իրավունքների պաշտպանության արագ արձագանքման խումբ: Այդ կազմակերպություններից մեկի՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արտակ Կիրակոսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ խումբը ստեղծած կազմակերպությունները տեղեկատվություն են փոխանակելու, հանդես են գալու հաղորդագրություններով: Չի բացառվում նաեւ որոշակի գործողությունների կազմակերպումը:

«Արդարություն» դաշինքի ղեկավարներից Շավարշ Քոչարյանը, մինչդեռ, այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանելով իշխանությունների գործողությունները, ասաց, թե իշխանությունները պետական պաշտոնյաներին, ծառայողներին «քրեական տարրեր են դարձնում՝ մղելով հակաօրինական գործողությունների»:

«Որեւէ տրամաբանությունից դուրս է ժամանակակից աշխարհում մարդկանց տներից տանել, տան անդամներին պատանդ վերցնել, տանել դատարաններ, առանց դատապաշտպանի ինչ-որ որոշումներ կայացնել», - «Տրամաբանությունից դուրս է, երբ իր երկրում մարդը չի կարողանում ազատ տեղաշարժվել: Տրամաբանությունից դուրս է, երբ մարդը չի կարող ազատ կարծիք արտահայտել, գաղափար արտահայտել»:

Շավարշ Քոչարյանը նաեւ ասաց, որ եթե հանրահավաքի մասնակիցների քանակը աճի (թեեւ, իր պնդմամբ, երեկվա հավաքվածների քանակն էլ բավարար է իշխանափոխություն իրականացնելու համար), ապա իրավապահ մարմինները չեն կատարի «հանցավոր հրամանները». - «Տեղի կունենա այդ ուժային կառույցների չեզոքացում, ինչից հետո Ռոբերտ Քոչարյանը այլ ճար չի ունենա, քան դիմի հրաժարականի»:

Գիշերը Ազատության հրապարակում անցկացրած մի քանի հարյուր ցուցարարները, մինչդեռ, չեն վախենում կալանավորվելուց եւ վարչական կալանքի ենթարկվելուց: Էջմիածնի բնակիչ, 24-ամյա Արթուր Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրեն դեռ անցած տարի ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու համար 3 անգամ կալանավորել են եւ հիմա էլ գտնվում է իրավապահների հսկողության տակ, բայց չի վախենում: «Կանգնելու եմ այստեղ եւ առանց ազատության տուն չեմ գնալու»:

Ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներից ողջ գիշեր ժողովրդի հետ էին մնացել «Հանրապետություն» կուսակցության ղեկավարներ Ալբերտ Բազեյանն ու Արամ Սարգսյանը, ՀԺԿ ղեկավար անդամ Վարդան Մկրտչյանը: Ժամանակ առ ժամանակ նստացույցի մասնակիցներին այցելել են ՀԺԿ առաջնորդ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը:


Հրաչ Մելքումյան եւ Ռուզան Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG