Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ընդդիմությունը դեմքը կորցնելու ճանապարհին է», - գրում է «Հայաստանի Հանրապետություն» թերթը: - «Հայաստանյան մի քանի քաղաքական ուժերի՝ երեկվա չարտոնված հավաքը ընդամենը թեժացրեց պայքարը հենց այդ ուժերի՝ «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավարների միջեւ, որոնցից յուրաքանչյուրը փորձեց հնարավորինս արժանանալ ողջույնի ծափերի»: «Հայոց աշխարհ» թերթի գնահատականներով՝ ընդդիմության երեկվա հանրահավաքը փառահեղորեն տապալվեց, ընդհանրապես՝ իշխանափոխության նախաձեռնությունը հենց մեկնարկում փլուզվեց: Իսկ «Ազգ» թերթի մեկնաբանը բնութագրում է. - «Սա կարելի էր դասել ամենախաղաղ ու ժողովրդավար հանրահավաքների շարքում, սակայն մամուլով, հեռուստատեսությամբ բազմիցս հնչած սպառնալիքներն ու նախազգուշացումներն իրենց դրոշմը թողել էին։ Օդի մեջ անորսալի շրջում էր վախի զգացողությունը։ համաժողովրդական այն խանդավառությունը, ինչ ակնկալում էին ընդդիմության գործիչները, ակնհայտորեն չկար», - արձանագրում է թերթը:

Անդրադառնալով նախագահ Քոչարյանի նախորդ օրվա հեռուստաելույթին, «Առավոտ» թերթը խտացնում է. - «Երկրի ղեկավարը համոզված է, որ ընդդիմության ակտիվությունը կհանդարտվի երկու դեպքում՝ երբ ընդդիմությունը հասկանա, որ այնպես, ինչպես Վրաստանում, մեզ մոտ չի ստացվի եւ երբ ճանաչի ընդդիմության միացյալ առաջնորդին: Եթե իրոք սրանք են ընդդիմության ակտիվությունը խթանող հիմնական գաղափարները, ապա իրավիճակի արագ լիցքաթափման հույսեր փայփայել պետք չէ: Որովհետեւ, նախ՝ շատ դժվար է, համարյա անհնար, համոզել մեր ընդդիմությանը, որ այնպես, ինչպես Վրաստանում էր, մեզ մոտ չի ստացվի (թեեւ չի իմացվի՝ գուցե ստացվի): Եվ երկրորդ՝ ընդդիմության ներսում միացյալ առաջնորդի կոչման համար պայքարը դժվար թե մարի, եթե անգամ այդ լիդերի հայտնության մասին պաշտոնապե՛ս հայտարարվի»: «Այո', որքան էլ նախագահը փորձում է չնկատել, ժողովուրդը ծայրաստիճան դժգոհ է իշխանությունից: Այն, որ ընտրազանգվածը կորցրել է իր կամքը ընտրությունների միջոցով ազատորեն դրսեւորելու հանդեպ հավատը, ինչը մեծ կասկածի տակ է դրել իշխանության օրինականությունը, եւս փաստ է: Սակայն», - եզրափակում է «Առավոտ»-ը, - «առանց լուրջ ծրագրային գաղափարի՝ ժողովրդական հուզումները կարող են զարգանալ ընդամենը մինչեւ տարերային ընդվզում: Իսկ նման փուչիկը երբ էլ պայթի, պայթելու է մեծ աղմուկով»:

«Նախագահը իր վերջին հեռուստաելույթով հասկացրեց, որ չի պատրաստվում ենթարկվել իրեն թելադրվող խաղի կանոններին», - իմաստավորում է «Հայոց աշխարհ» թերթը: - «Իր «վճռական գործողություններին» նախապատրաստվող ընդդիմությանը նախագահը տալիս է վերջին շանսը, ինչպես ասում են՝ «ոտքը իր վերմակի չափով մեկնելու», այսինքն՝ սեփական գործելակերպը ժողովրդի մոտ ունեցած վստահության չափին համապատասխանեցնելու համար: Իսկ դա օգտակար է ոչ միայն ողջ երկրին՝ կայունության պահպանման տեսանկյունից, այլեւ առաջին հերթին հենց իրեն՝ ընդդիմությանը, մեծամասնության պատասխանից՝ բումերանգի էֆեկտից խուսափելու համար»: «Հայոց աշխարհ»-ում առայժմ նաեւ կարեւորված է. - «Երբ ընդդիմության կողմից փորձ է արվում իշխանությանը դրդել ավելի կտրուկ քայլերի եւ միաժամանակ՝ անմիջապես դրանց վրա հրավիրել միջազգային կազմակերպությունների ուշադրությունը, Հայաստանը դարձնելով նրանց ճնշումների թիրախ, իշխանությունը դրսեւորում է մեծագույն զսպվածություն, որը ոչ թե նրա թուլության, այլ հենց ուժի վկայությունն է»:

Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը «Հայկական ժամանակ» թերթի հարցազրույցում փաստում է. - «Եվրոպացիները ե'ւ Հայաստանից, ե'ւ Հայաստանի ղեկավարությունից ունեն հստակ ակնկալիքներ, որոնք կարելի է բաժանել մի քանի մասի՝ ժողովրդավարություն, ազատ մամուլի զարգացում, մարդու իրավունքների պաշտպանություն, անկախ դատական համակարգ։ Իմ համոզմունքն է, որ այս ակնկալիքները տեղին են, եւ մեր ջանքերը պետք է շարունակենք այս ուղղությամբ։ Առաջիկայում Հայաստանի նկատմամբ Եվրոպայի մոտեցումները լինելու են շատ ավելի պահանջկոտ՝ հատկապես ժողովրդավարության ամրապնդման իմաստով։ Դա չեն թաքցնում նաեւ եվրոպացիները, եւ ինձ այդ մասին ամենաբարձր մակարդակով ասվել է բավականին հստակ՝ օտարերկրյա բարձրաստիճան քաղաքական դեմքերի հետ Եվրոպայում ունեցած հանդիպումների ժամանակ... Ինչ վերաբերում է Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն, ապա, այո, դա չի կարելի բացառել՝ եթե մենք շեղվենք եվրոպական այն սկզբունքներից, որ որդեգրել ենք»։ Այնպես որ, Ազգային ժողովի նախագահի ընդգծմամբ, ելքը մեկն է՝ «քաղաքական երկխոսությունը, կուտակված խնդիրների լուծումը, այլ ոչ թե դրանք անվերադարձ թաղելուն ուղղված անփառունակ փորձերը։ Ելքը քաղաքական խնդիրների պատճառները քաղաքական դաշտում փնտրելն է»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG