Մատչելիության հղումներ

Ընդդիմության հանրահավաքից առաջ կրկին փակվել են մայրաքաղաք բերող մայրուղիները


Ուրբաթ օրը ընդդիմության մեծ հանրահավաքից առաջ մարզերը Երեւանի հետ կապող մայրուղիները փաստորեն փակվել էին իշխանությունների կողմից: Նպատակը ակնհայտ է՝ որպեսզի մարզերի հնարավորիnս քիչ բնակիչներ կարողանան մասնակցել «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության հանրահավաքին:

Ոստիկանությունը լրացուցիչ ուժեր եւ պարեկային ավտոմեքենաներ է տեղակայել մայրաքաղաք բերող բոլոր մայրուղիներին: Երթեւեկող մեքենաները հիմնականում անձնական օգտագործման մարդատար ավտոմեքենաներ էին եւ բեռնատարներ: Դրանցից շատերը կանգնեցվում էին ոստիկանության կողմից եւ ստուգվում էին ուղեւորների փաստաթղթերը:

Միկրոավտոբուսներ (մայրաքաղաքը մարզերի հետ կապող հիմնական փոխադրամիջոցը) գրեթե չկային: Երեւանում աշխատող միկրոավտոբուսների վարորդների փոխանցմամբ, մարզերի իրենց գործընկերներին արգելվել է այսօր դուրս գալ աշխատանքի:

Հայաստանի ոստիկանության բարձրստիճան ներկայացուցիչները այս շաբաթ ավելի վաղ հայտարարել էին, թե խստացնում են ճանապարհային անվտանգության ծառայությունը՝ «հանցավորության նկատմամբ հսկողությունը» ուժեղացնելու նպատակով: Նրանք հերքել էին, թե դա որեւէ կերպ առնչվում է ընդդիմության՝ Ռոբերտ Քոչարյանին պաշտոնանկելուն ուղղված գործողություններին:

Ոստիկանության սպաները կտրուկ առարկեցին, երբ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը լուսանկարեց իրենց: Թղթակցին թույլ տվեցին հեռանալ միայն, երբ համոզվեցին, որ լուսանկարը ջնջված է թվային ֆոտոխցիկից:

Ընդդիմության որոշ աջակիցներ, այդուհանդերձ, կարողացել էին հասնել մայրաքաղաք: «Ազգային միաբանություն» կուսակցության աջակից Ռաֆիկ Սահարյանի խոսքերով, իրենց միկրոավտոբուսը Վանաձորից մինչեւ Երեւան բազմիցս կանգնեցվել է ոստիկանության աշխատակիցների կողմից: Իսկ մայրաքաղաքի մուտքի մոտ անցակետում վարորդին ստիպել են «բացատրություն» գրել:

«Նրան ստիպեցին բացատրություն գրել, թե ինչի մասին էին խոսում իր ուղեւորները եւ արդյոք նրանք ընդդիմության աջակիցներ չեն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սահարյանը՝ փոխանցելով նաեւ, որ Վանաձորի ավտոկայանում սովորականից շատ ոստիկաններ կային:

Արտաշես Գեղամյանի մեկ այլ կողմնակից՝ Միքայել Սարուխանյանը, ով Երեւան էր եկել Սեւանից՝ ընկերոջ անձնական ավտոմեքենայով, ասաց, թե ոստիկանները իրենց զգուշացրել են, որ ուղեւորներ չվերցնեն:

Իսկ Լուսակերտից եկած մի մարդ ասաց, որ իրենք ոտքով են անցել 15 կիլոմետր ճանապարհը: «Այսօր հասարակական տրանսպորտ չկար», - բացատրեց նա:

Ընդդիմության ղեկավարներից «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը փորձել է ուղեկցել իրենց աջակիցներին Արտաշատից դեպի մայրաքաղաք: Նրա խոսքերով, ոստիկանները կանգնեցրել ու ցրել շուրջ հարյուր մարդկանցից կազմված խումբը:

«Մեքենաս առգրավում են եւ ուզում են ինձ տանել ոստիկանություն», - դեպքի վայրից հեռախոսով «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արամ Սարգսյանը: - «Ես ուզում եմ Երեւան գալ ոտքով»:

Ասյօրվա հանրահավաքը մայրաքաղաքի իշխանությունները չեն արտոնել՝ փաստարկելով, թե այն խաթարում է «քաղաքի նորմալ կյանքը»:


Էմիլ Դանիելյան եւ Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG