Մատչելիության հղումներ

«Մելքոնյան եղբայրների հիշատակը կհավերժացվի նոր կրթական ծրագրերով»


Անցած ամիս Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչությունը միաձայն որոշել է 2005 թվականի հունիսին փակել Մելքոնյան կրթական հաստատությունը Կիպրոսում: ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը հինգշաբթի օրը հստակ չմատնանշեց այդ որոշման դրդապատճառները՝ վստահեցնելով, այդուհանդերձ, որ կրթահամալիրը վաճառելու մասին տարածված լուրերը իրականությանը չեն համապատասխանում:

«Մեկ պատճառ չէ: Սեւ կամ սպիտակ չէ», - Հայաստանի գրողների միությունում հինգշաբթի օրը հայտարարեց Պերճ Սեդրակյանը: Նրա խոսքերից ու լրագրողների հարցերին տված պատասխաններից, այդուհանդերձ, պարզ դարձավ, որ պատճառներից մեկը, անշուշտ, աշակերտների թվի նվազումն է, ինչը հետեւանք է Միջին Արեւելքի հայության արտագաղթի դեպի Արեւմուտք:

ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչության տարածած հայտարարությունը նշում է, որ Մելքոնյան կրթական հաստատությունը «այլեւս չի արդարացնում իր առաքելության նպատակները»:

«Կենտրոնական վարչությունը խորապես գիտակցում եւ գնահատում է Մելքոնյան եղբայրների առաքելական նպատակներն ու ավանդը եւ վճռականորեն որոշել է հավերժացնել նրանց հիշատակը նոր կրթական ծրագրերով Կիպրոսում թե այլուր, որոնք կհամապատասխանեն ՀԲԸՄ-ին նրանց կատարած նվիրատվության ոգուն», - ասված է հայտարարության մեջ:

Սեդրակյանի խոսքերով, ՀԲԸՄ-ն առավել նպատակահարմար է գտնում Հայաստանում կրթական կենտրոն բացելը, որտեղ կուսանեն սփյուռքահայ ուսանողները՝ թեկուզ տարեկան երեք ամիս:

1926 թվականին հիմնված Մելքոնյանի նախկին շրջանավարտ, գրող, թարգմանիչ Կարպիս Սուրենյանցը հիշեցրեց, որ անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմի ծանր տարիներին, երբ աշակերտները որդնած բակլա էին ուտում, հաստատությունը չփակվեց:

«Եթե այն ժամանակ այդպես էր, ի՞նչ է պատահել հիմա, որ ձեզ դրել է այդպիսի որոշման առջեւ», - Հայաստանի գրողների միությունում հանդիպման ժամանակ դիմելով Պերճ Սեդրակյանին, ասաց Սուրենյանցը: - «Արդյո՞ք հիմա շատ ավելի ծանր են պայմանները, ինչքան էին պատերազմի ժամանակ... Այսօր այնպիսի մսխումներ են կատարվում այնտեղ: Արդյոք եթե այդ մսխումները չլինեն, եթե այն մթնոլորտը, որ ես տեսա, վերափոխվի, նաեւ ուրիշ հանգամանքներ նկատի առնելով, Մելքոնյանը չի՞ կատարի նաեւ այսօր էլ այն դերը, որ կատարել է»:

Մելքոնյանի 1997 թվականի շրջանավարտ Հայկ Նազարյանը կրթական հաստատության փակումը կապում է ՀԲԸՄ-ի ներքին տարաձայնությունների, «պառակտման» հետ:

Պերճ Սեդրակյանը այսօր նաեւ հերքեց լուրերը, թե Մելքոնյան կրթահամալիրը կարող է վաճառվել: Նրա հավաստմամբ, մինչեւ այսօր այդ հարցը անգամ չի արծարծվել:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG