Մատչելիության հղումներ

Առաջին եռամսյակում շահութահարկի հավաքագրումը գերազանցել է ակնկալիքները


Հարկային ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի փոխանցմամբ, 2004 թվականի առաջին երեք ամիսներին հավաքված շահութահարկը 30 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել «Շահութահարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունը, ըստ որի, անկախ նրանից, թե գործարարը շահույթ ստացել է թե ոչ, պարտավոր է իր հասույթի 1 տոկոսի չափով շահութահարկի կանխավճար մուծել պետությանը: Հարկային այս փոփոխությունը, որ խիստ դժգոհությամբ ընդունվեց հատկապես խոշոր գործարարների կողմից, այդուհանդերձ, սկսել է գործել եւ Հարկային պետական ծառայությունն հույս ունի այս տարի վերջապես կատարել շահութահարկի մուտքերի պլանը։

«Այնուամենայնիվ գործարարները իրենց հաշիվ են տվել, եւ հարկային մեխանիզմների նորմալ գործողության պայմաններում շահութահարկի այդպիսի ուրախալի եւ լավ մուտքեր են տեղի ունեցել», - ասաց Ալավերդյանը՝ շեշտելով. - «Եվ սա այն դեպքում, երբ այդ 1 տոկոս շահութահարկի կանխավճարը դեռեւս ուժի մեջ չի մտել»:

Այն, որ շահույթ թաքցնելը ու դրա փոխարեն կեղծ վնաս ցույց տալը լուրջ պրոբլեմ է դարձել, վկայում են թվերը. եթե 2001 թվականին գործարարների հայտարարագրած վնասները 56 միլիարդ էին, ապա 2003-ի վերջին դրանք արդեն կազմել են ավելի քան 200 միլիարդ դրամ։ Անցյալ տարի, օրինակ, հարկային գերատեսչությունը շահութահարկի գծով ծրագրած 22 միլիարդ դրամից կարողացավ ընդամենը 16,5 միլիարդը հավաքել, չնայած տնտեսությունն աճեց երկնիշ թվով:

Ալավերդյանի փոխանցմամբ, այս տարվա առաջին եռամսյակի հարկային եւ մաքսային մուտքերի պլանը կատարվել է. հավաքվել է շուրջ 54 միլիարդ դրամ։ Դա բյուջեով ծրագրած 257 միլիարդ դրամ մուտքերի 21 տոկոսն է։

Հարկային պետական ծառայությունը այս տարի զգալիորեն խստացրել է վարչարարությունը, ավելին՝ անհանդուրժող է չգրանցված, ապօրինի բիզնեսների նկատմամբ։ Դրանք Ալավերդյանն անվանում է «կանխարգելիչ գործողություններ», որոնց արդյունքում հարկային ծառայությունը այս տարվա ընթացքում բացահայտել է մոտ 4 տասնյակ ապօրինի գործող, չգրանցված, կամ սահմանված կարգով ոչ իրենց տեղում գործող օբյեկտներ:

«Այս բոլոր դեպքերի համար հարկային մարմինները ունեն հզոր զենք՝ գործունեությունից ստացված եկամտի 50 տոկոսի չափով տուգանքի կիրառում», - պարզաբանեց Արմեն Ալավերդյանը:

Նրա հավաստմամբ, այս պրակտիկան կշարունակվի առաջիկայում եւս: Հաճախ ապօրինի բիզնեսները ծաղկում են ոչ առանց հարկային ծառայության տեղական կառույցների կամ առանձին տեսուչների թողտվության կամ շահագրգռության. ասենք, փողոցում ծաղիկ վաճառողը ծաղկի սրահ է բացում, իսկ արեւածաղիկ վաճառողը կրպակ է դնում ու հարկ չի մուծում.

Նման փաստերը «չնկատած» 20 տեսուչների նկատմամբ, Ալավերդյանի խոսքերով, հարկային ծառայությունը կարգապահական տույժեր է կիրառվել, նրանց մի մասը աշխատանքից հեռացվել է:

Դիտարկմանը, թե շահութահարկի փոփոխությունները կարող են բացասաբար է ազդել հատկապես փոքր ու միջին գործարարների վրա, քանի որ նրանցից շատերը, հնարավոր է, որոշ ժամանակ շահույթ չունենան կամ անգամ վնասով աշխատեն, Ալավերդյանը ասաց, որ Հայաստանում առնվազն 15 հազար մանր գործարարներ շահութահարկի փոխարեն պարզեցված հարկ են վճարում, որոնց վրա նշված փոփոխությունը չի տարածվում։ Բացի այդ, եւս 25 հազար գործարարներ մուծում են հաստատագրված վճարներ:

«Փոքր բիզնեսը գտնվում է բավականաչափ արտոնյալ հարկային ռեժիմում», - եզրափակեց Արմեն Ալավերդյանը:

Չնայած դրան, փոքր բիզնեսի դաշտում էլ զգալի ստվերայնություն կա, ինչը, Հարկային ծառայության պետի տեղակալի կարծիքով, առաջին հերթին օրենքների ու դրանցից բխող ակտերի անկատարության հետեւանք է:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG