Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը եւ իշխող կոալիցիան դատապարտում են երեկվա բռնությունները լրագրողների նկատմամբ


«Մենք դատապարտում ենք ցանկացած անօրինական գործողություն, հատկապես՝ ուղղված լրագրողների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցելով Ռոբերտ Քոչարյանի տեսակետը, ասաց Հայաստանի նախագահի խոսնակ Աշոտ Քոչարյանը: «Ազգային միաբանության» կազմակերպած հանրահավաքի ժամանակ լրագրողների նկատմամբ բռնությունները դատապարտում են նաեւ իշխանական կոալիցիայի ներկայացուցիչները:

Ազգային ժողովի մշակույթի, գիտության, կրթության, կրոնի, երիտասարդության եւ լրատվության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը՝ դատապարտելով մասնագիտական պարտքը կատարող լրագրողի աշխատանքը բռնությամբ խոչընդոտելու երեկվա դեպքը, ասաց. - «Պետք է գնահատական տրվի այս ամենին, եւ մեղավորները պետք է պատասխան տան օրենքի առաջ»:

Հակոբյանը նաեւ հիշեցրեց, որ օրենքի կիրառումը պարտադրելու լծակներ հանձնաժողովը չունի՝ ի տարբերություն քաղաքական ուժերի, որոնց գնահատականներն այս առումով կարող են դեր խաղալ:

Հանրապետական կուսակցության եւ Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը նույնպես դատապարտեց տեղի ունեցածը: «Միաժամանակ ուղղակի անհասկանալի է, թե իրավապահ մարմինները ինչու չեն միջամտել այդ գործողություններին: Անկախ այն բանից, թե ովքեր են այդ բռնությունների հեղինակները, անվերապահորեն պետք է նրանք բացահայտվեն եւ պատժվեն», - ասաց նա:

Դիտարկմանը, թե կա տեսակետ, որ իրավապահները չմիջամտելու ցուցում էին ստացել, եւ նման ցուցում կարող էին տալ միայն իշխանությունները, Թորոսյանը արձագանքեց. - «Չեմ կարծում, որ որեւէ մեկը ցուցում պիտի տար կամ կտա իրավապահներին՝ բռնությունը չդադարեցնելու»:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավարը մտավախություն չունի՞, որ առաջիկա լիագումար նիստում բավական նեղ կացության մեջ են հայտնվելու: «Ճիշտ է»,- պատասխանեց Թորոսյանը, - «պատվիրակությունն է երբեմն քավության նոխազ դառնում՝ լսելու, բացատրելու, քայլեր առաջարկելու առումով, բայց եթե իսկապես գնահատում ենք մեր անդամակցությունը, պիտի հասկանանք, որ մարդկային արժեքների հետ անհամատեղելի մեր ամեն քայլ ստանալու է պատասխանը»:

«Անթույլատրելի եւ անընդունելի ենք համարում ցանկացած բռնություն եւ նման արարք, որը հանգեցրել է այդպիսի հետեւանքների», - «Ազատություն» ռադիոկայանին իր հերթին ասաց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Դաշնակցության ղեկավար անդամ Արմեն Ռուստամյանը: - «Կարծում եմ, իրավապահ մարմինները պետք է ցանկացած նման դեպքի վերաբերյալ շատ լրջորեն ուսումնասիրեն, թե ով է եղել մեղավորը եւ պատժեն մեղավորներին, որպեսզի կանխվեն դրանք [նման գործողությունները] հետագայում»:

Ռուստամյանը հույս հայտնեց, որ մեղավորները ի վերջո կբացահայտվեն. - «Եվ բացահայտվի հնարավորինս արագ: Մանավանդ, որ դա այնքան էլ դժվար չի լինի անել, եթե իրավապահ մարմինները իսկապես իրենց ֆունկցիաները լիարժեք իրականացնեն»:

Այսուհանդերձ, պաշտոնական հայտարարություն անել այս առիթով իշխող կոալիցիան կամ դրա անդամ կուսակցությունները չեն պատրաստվում:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG