Մատչելիության հղումներ

Մարզերից ուսանողները չեն կարողացել հասնել Երեւան


Մայրաքաղաքի բուհերում սովորող այն ուսանողները, ովքեր ապրում են մարզերում եւ ամեն օր ավտոբուսներով են գալիս Երեւան, չեն կարողացել հասնել մայրաքաղաք: Պատկերը նույնն էր Երեւանի գրեթե բոլոր բուհերում:

Երեւանից ոչ հեռու մարզերում բնակվող ուսանողները ամեն օր հատուկ ավտոբուսներով են սովորաբար գալիս մայրաքաղաք եւ դասերից հետո այդ նույն ավտոբուսներով էլ վերադառնում են տուն: Երկուշաբթի օրը, սակայն, անձնական ավտոմեքենաներով կամ տաքսիներով Երեւան հասած ուսանողների փոխանցմամբ, ոստիկանները թույլ չեն տվել, որ այդ ավտոբուսները գան Երեւան:

Պատճառը, ըստ ուսանողների, իրավապահների մտավախությունն էր, որ երիտասարդները կարող էին մասնակցել «Ազգային միաբանության» այսօրվա հանրահավաքին:

Մայրաքաղաքի բուհերում, մինչդեռ, իրավիճակը հանդարտ է եղել, եւ գոնե բացահայտ հանրահավաքային տրամադրություններ չեն տիրել: Կեսօրին դեռեւս ամփոփված չէին բացակայությունների մասին տվյալները, ուստի հայտնի չէր, թե բացակայող ուսանողներից ովքեր չեն կարողացել գալ պարապմունքների իրավապահների մեղքով, իսկ ովքեր պարզապես «փախել են» դասերից:


Հրաչուհի Միրզոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG