Մատչելիության հղումներ

Խոսքի ազատության եւ «Ա1+» ի աջակցության հանրահավաքն ու երթն անցան առանց միջադեպերի


«Հրապարակել ազատ կապուղիների ցանկը, նոր մրցույթ անցկացնել, որին բացի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներից, կմասնակցեն նաեւ հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ». սրանք են ապրիլի 2-ի հանրահավաքի ու երթի նախաձեռնող խմբի պահանջները, որոնք առաջիկայում գրավոր կներկայացնեն Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությանն ու Ազգային հանձնաժողովին:

Դիմելով ի պաշտպանություն «Ա1+» հեռուստաընկերության եւ Հայաստանում ազատ խոսքի հանրահավաքի՝ Մատենադարանի առջեւ հավաքված մասնակիցների, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն ասաց. - «Ես հավատացնում եմ ձեզ, ես վստահ եմ, որ ազատ լրատվամիջոցները ոչ թե լարում են իրավիճակը, այլ ճիշտ հակառակը՝ ազատ լրատվամիջոցները լիցքաթափում են…»:

Երկու տարի առաջ եթերից զրկված «Ա1+» հեռուստաընկերության երկրպագուները, լրագրողներ, քաղաքական գործիչներ հասարակական կարգը հսկող ոտիկանների ուղեկցությամբ Մատենադարան էին եկել երթով՝ «Ա1+» ի գրասենյակից:

«Հեռուստաընկերությունը փակվեց ընտրություններից առաջ եւ առ այսօր «Ա1+»-ը չի բացվում մի պարզ պատճառով, որովհետեւ այս իշխանությունները ամեն օր սպասում են, որ նորից ընտրություններ են լինելու», - իր ելույթում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, որն ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներից հանրահավաքում միակն էր:

Երթն ու հանրահավաքն անցնում էին ոստիկանության աննախադեպ աչալուրջ հսկողությամբ: Ոստիկանների գործողությունները ղեկավարում էր Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Վարյանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG