Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթի ունեցած տեղեկություններով, այսօր՝ ապրիլի 1-ին, նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրաժարական է տալու։ Արդեն պատրաստ է հրաժարականի տեքստը. - «Վեց տարի է՝ ինչ իմ ղեկավարած ապօրինի վարչախումբը հոգեվարքի մեջ է։ Ազգային հարստությունները թալանվել են կամ հանձնվել են օտարին։ Ժողովուրդը բռնել է պանդխտության ուղին։ Այդ ամենը հաշվի առնելով, ինչպես նաեւ ընդառաջ գնալով Ստեփան Դեմիրճյանի, Արտաշես Գեղամյանի եւ Վիկտոր Դալլաքյանի ցանկություններին, ես հրաժարական եմ տալիս՝ գիրք կարդալու եւ շախմատի արվեստին տիրապետելու նպատակով»։

Իսկ գլխավոր դատախազությունը արդեն առանց կատակի է տարածել հաղորդագրություն, ըստ որի՝ «քրեորեն կհետապնդվեն «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչները եւ նրանց հարող անձինք, սկսած 2004 թ. փետրվար ամսից, հանրապետության տարբեր մարզերում եւ Երեւան քաղաքի համայնքներում կազմակերպելով հիմնականում չարտոնված հանրահավաքներ, հրապարակայնորեն վիրավորելով իշխանության ներկայացուցիչներին՝ կոչ են արել բռնությամբ զավթել պետական իշխանությունը, փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը»։ Առավոտ»-ի ընդգծմամբ, հիմա այլեւս «որեւէ տարակույս չկա, թե ինչու էր ծագել գլխավոր դատախազին փոխելու եւ «արդարությունը վերականգնելու» ծայրահեղ անհրաժեշտությունը»:

«Բռնելու են» վերնագրի տակ «Հայկական ժամանակ» թերթը սահմանում է, որ սա «ըստ էության, քրեական գործ է բոլոր ընդդիմադիր գործիչների դեմ»: «Ազգ» թերթն էլ խմբագրականում նախանշել է. - «Դատախազության հաղորդագրությունը գրեթե անկասկածելի է դարձնում լայնածավալ ձերբակալություններ ձեռնարկելու իշխանությունների վճռականությունը... Տրված է ազդանշանը, որոշված է «հանցանքի» բնույթը, սահմանված է պատժաչափը։ Ամեն ինչ կատարվելու է «օրենքով», պատժից չեն կարող խուսափել անգամ ընդդիմության պատգամավոր պարագլուխները. խորհրդարանում ուժերի ներկա հարաբերության պայմաններում շատ հեշտ է նրանց անձեռնմխելիությունից զրկելը։ Փաստորեն ընդդիմությանն ուղղված իշխանությունների պատգամը հստակ է՝ «ընտրությունը քոնն է՝ կամ անգործունեություն, կամ կալանք»։ Խմբագրական ամփոփվում է հարցերով. - «Ո՞վ է պատասխանատուն մեր իրականության մեջ կրկին ու կրկին ստեղծվող այս դիլեմայի համար՝ «կա՛մ, կա՛մ»։ Չկա՞ ուրիշ ելք։ Սպառվե՞լ են առճակատումից խուսափելու բոլոր ելքերը։ Իսկ կողմերը հարցրե՞լ են ժողովրդի մեծամասնության՝ լո՛ւռ մեծամասնության կարծիքը»։

«Արմատական ընդդիմության կողմից հետեւողականորեն ասպարեզ նետվող ուժի միջոցով իշխանափոխություն իրականացնելու կարգախոսը փաստորեն պետության գոյության ժխտման փորձ է», - ձեւակերպել է այսօր «Հայոց աշխարհ» թերթը: - «Պետությունն ինքը կանգնած է ոչ թե պարզապես օրենքը կամ օրինականությունը պահպանելու, այլ իր գոյության փաստն ապացուցելու մարտահրավերի առջեւ: Դա նշանակում է, որ պետությունը, ի դեմս իշխանության, ոչ թե իրավունք ունի, այլ պարտավոր է իր ձեռքի տակ եղած հնարավորությունների օգտագործմամբ կանխել բոլոր այն գործողությունները, որ միտված են սահմանադրական կարգի բռնի փոփոխությանը»: Ըստ թերթի՝ եթե այսօր «այս իշխանությունը չկարողանա կանխել եւ իր բնի մեջ խեղդել ուժի միջոցով իշխանափոխության իրականացման ցանկությունն անգամ, ապա վաղը գործ կունենանք դեպի պետականության կործանում տանող յուրահատուկ «շղթայական ռեակցիայի» հետ»:

«Համաժողովրդական հեղափոխություններ չեն լինում», - շեշտադրում է «Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանը: - «Լինում են կուսակցական հեղաշրջումներ՝ որոշակի հասարակական խավի կամ խմբի շահերի թելադրանքով... Եվ չի եղել մի հեղափոխություն, որ չի շեղել, չի այլասերել, առնվազն՝ չի կասեցրել երկրի, ժողովրդի, հասարակության զարգացումը»: «Հեղափոխությունից հետո միայն ավերակներ են մնում», - պատկերավորել է մեկնաբանը: - «Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կարող են տալ ընդհատված հղիությունը, ծառի ընդհատված աճը, ընդհատված ուսուցումը, շինարարությունը, ընդհատված պատանեկությունն ու երիտասարդությունը»:

«Հայկական ժամանակ»-ը արձանագրում է, որ ինչքան ընդդիմության հայտարարած վճռական գործողությունների ժամկետը մոտենում է, այնքան ներքաղաքական հակադրության կողմերի դիրքորոշումները դառնում են առավել կարծր: Եվ ավելի ու ավելի հստակ ու հաճախակի են դրսեւորվում առաջիկա զարգացումների պատասխանատվությունը միմյանց վրա գցելու՝ իշխանության ու ընդդիմության մղումները: Իսկ թե ինչու որեւէ լիցքաթափող երկխոսություն չի կարող լինել կողմերի միջեւ, «Հայկական ժամանակ»-ում տրված է հետեւյալ պարզ համադրմամբ. - «Իշխանություններն ասում են, որ ուզում են լիցքաթափել ստեղծված իրավիճակը եւ պատրաստ են ընդդիմության հետ նստել բանակցությունների սեղանին, որի վրա դրված չլինի երկու հարց՝ Վստահության հանրաքվե եւ հնարավոր իշխանափոխություն: Ընդդիմությունն ասում է, որ պատրաստ է գնալ իշխանությունների հետ երկխոսության եւ բանակցությունների, բայց բանակցային սեղանին պետք է դրված լինի միայն երկու հարց՝ Վստահության հանրաքվեի անցկացումն ու անցնցում իշխանափոխությունը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG