Մատչելիության հղումներ

Իշխանական կոալիցիան երկխոսության կոչ է անում ընդդիմությանը


Իշխանական կոալիցիա կազմած կուսակցությունների ներկայացուցիչները երեքշաբթի օրը երկխոսության կոչ արեցին արմատական ընդդիմությանը: Վերջինս անհողդողդ է մնում իշխանափոխություն իրականացնելու իրենց մտադրություններում:

Ազգային ժողովում հայտարարությունների ժամին երեքշաբթի օրը Դաշնակցություն խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը, ասելով, որ Հայաստանում կա եւ գործում է օրինական իշխանություն, նշեց, որ իրենք պատրաստ են ամենակարեւոր խնդիրներում ընդդիմության հետ գնալ երկխոսության, բայց չեն հանդուրժի արհամարհել այս իշխանություններին քվե տված ժողովրդի մեծամասնության կամքը:

«Մենք գտնում ենք, որ քաղաքական պայքարը կարելի է տանել առողջ քաղաքական դաշտում, առանց օրինականությունը խաթարելու, առանց ժողովրդի մեջ տարբեր բզկտումներ առաջացնելու», - ասաց Կարապետյանը:

«Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը, իր հերթին, ասաց. - «Կոչ են անում բոլոր քաղաքական ուժերին նստել կլոր սեղանի շուրջ եւ բանակցային ճանապարհով, զերծ մնալով ատելություն եւ թշնամություն սերմանող կոչերից եւ բռնկումներից, փորձել խնդիրը լուծել քաղաքական պայքարի քաղաքակիրթ եղանակով»:

Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանն այս կոչին ի պատասխան ասաց. - «Մենք ցանկացած քաղաքական ուժի հետ պատրաստ ենք դիալոգի՝ Քոչարյանի հրաժարականի պարագայում»:

Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար անդամ, պատգամավոր Սամվել Նիկոյանի բնորոշմամբ, ընդդիմությունն արդեն քաղաքական անհնազանդության կոչեր է անում: Հանրապետական կուսակցությունը, այդուհանդերձ, հայտարարում է, որ «դեռեւս ժամանակը սպառված չէ»:

«Քաղաքական ուժերը պետք է կամք դրսեւորեն՝ քաղաքական մեխանիզմներով, քաղաքական երկխոսության ճանապարհով լուծելու երկրի առջեւ ծառացած խնդիրները եւ դիմակայելու մարտահրավերները», - ասաց Նիկոյանը: - «Ինչպես բազմիցս հայտարարել ու առաջարկել ենք՝ մենք պատրաստ ենք ստանձնելու երկխոսության կազմակերպման նախաձեռնությունը: Երկխոսությունից հրապարակավ կամ լռելյայն հրաժարվողների վրա է ընկնելու իրադարձությունների հետագա զարգացման ողջ պատասխանատվությունը»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG