Մատչելիության հղումներ

Պատգամավորական հանձնաժողովը աննպատակահարմար է համարում իտալական ընկերության հետ պայմանագրի երկարաձգումը


Օտարերկրյա վարկերի, դրամաշնորհների եւ մարդասիրական օգնության նպատակային օգտագործման խորհրդանական հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը, երեքշաբթի օրը Ազգային ժողովի դատին ներկայացնելով հանձնաժողովի ուսումնասիրությունների միջանկյալ արդյունքները, հայտարարեց, որ հանձնաժողովը աննպատակահարմար է համարել Երեւանի ջրամատակարարման օպերատոր, իտալական «Էյ Յութիլիթի» ընկերության հետ նոր պայմանագրի կնքումը։

Տեղեկանքի համաձայն, 1991 թվականից ի վեր Հայաստանը նշված երեք ուղղություններով մոտ 3 միլիարդ դոլարի հատկացումներ է ստացել, որից 1 միլիարդ 200 միլիոնը Հայաստանի այսօրվա արտաքին պետական պարտքն է։

Ըստ Հովհաննիսյանի, հատկապես անհնար է սպառիչ տեղեկություններ ստանալ մինչեւ 1998 թվականը հատկացված ավելի քան 1,5 միլիարդ դոլարի մարդասիրական օգնության նպատակային ծախսի վերաբերյալ։ Այդուհանդերձ, ըստ խորհրդարանի փոխխոսնակի, այսօր էլ մարդասիրական ծրագրերը բավարար չափով չեն վերահսկվում: Մասնավորապես, զանազան կրոնական կազմակերպությունների գծով օգնությունները պարզապես հարմար քողածածկույթ են Հայաստանում արմատակալած աղանդավորության տարածման համար:

Խորհրդարանական հանձնաժողովն ուսումնասիրել է դրանցից մեկի՝ «Վերջին օրվա սրբերի բարեգործություն» կոչվող կորպորացիայի ներկայացրած ծրագիրը, ինչը մարդասիրական օգնության ծրագրերը համակարգող հանձնաժողովի կողմից հաստատվելուց հետո, պարզվում է, բոլորովին այլ կերպ է իրականացվել. ներկրված բեռները չեն համապատասխանել հայտարարագրվածին:

Վարկերի առնչությամբ փաստաթղթային մասը, թերեւս, ավելի բարվոք է։ Նախորդ գումարման Ազգային ժողովի նմանատիպ հանձնաժողովները եւս այս հարցերը ուսումնասիրել են, սակայն դրանք իրավական արդյունքներ չեն ունեցել. գերակշռել են քաղաքական հետեւությունները՝ ուղղված նախկին իշխանությունների դեմ։

Ներկա գումարման խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովը, թերեւս, խախտում է այդ ավանդույթը: 30 միլիոն դոլար արժողությամբ Երեւանի ջրամատակարման համակարգի վերականգման Համայնքային զարգացման ծրագրի կատարման ուսումնասիրությունը, Վահան Հովհաննիսյանի մատուցմամբ, կարող է ոչ միայն վարչական կամ քաղաքական, այլեւ միանգամայն կոնկրետ իրավական ու կադրային հետեւանքներ ունենալ։

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանի հեռացումը պաշտոնից վերլուծաբանները միանշանակորեն կապում են խորհրդանական այս հանձնաժողովի միջանկյալ եզրակացությունների հետ։ Իսկ դրանք, մեղմ ասած, բացասական են։

Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող այդ ծրագրով, մասնավորապես, նախատեսված էր 5 միլիոն 180 հազար դոլար ծախսել ու մայրաքաղաքի Դավթաշեն թաղամասն ամբողջությամբ ապահովել շուրջօրյա ջրամատակարմամբ։ Մինչդեռ, հանձնաժողովի անցկացրած հարցումներից պարզվել է, որ մշտական ջուր ունեն միայն բազմահարկ շենքերի առաջին հարկերը: Միջին հարկերը օրվա մեջ ջուր են ստանում 12-13 ժամ, իսկ վերին հարկերը ջուր ունեն դեպքից դեպք միայն։ Ջրաչափեր տեղադրել են բաժանորդների 99 տոկոսը, մինչդեռ, նրանց կեսից ավելին դժգոհ է ջրամատակարումից։

Ընդհանարպես, հանձնաժողովը պարզել է, որ ինչպես «Երեւանի ջրմուղ-կոյուղի» ընկերությունը, այնպես էլ Ջրային տնտեսության պետական կոմիտեն հաջողացրել են 5-6 դոլար արժեցող ջրաչափերը բնակչությանը վաճառել 15 դոլարով եւ արդյունքում 6,5 միլիոն դոլար կոմերցիոն շահույթ ստանալ։

Ըստ հանձնաժողովի, ձախողվել է նաեւ վարկային ծրագրի՝ ջրի հոսքակորուստների բացահայտման ենթածրագիրը: «Երեւանի ջրմուղ-կոյուղի» ընկերության մասնագետները ջրագծերի վիճակը ստուգելու փոխարեն իրականում միայն զննել են ջրահորերը: Մինչդեռ, դանիական աուդիտոր ընկերությունն այդ մեթոդը անհիմն է համարել։

Ըստ խորհրդարանական հանձնաժողովի, համայնքային վարկային ծրագրի իրականացման գրասենյակը միջոցների զգալի մասը՝ մոտ 27 տոկոսը ծախսվել է մենեջմենթի վրա: Մինչդեռ, ըստ Վահան Հովհաննիսյանի, միջազգային նորմերով այդ մասնաբաժինը պետք է 2-5 տոկոս լիներ։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG