Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 28-ը մարտի)

«Իշխանական կոալիցիայի կուսակցությունների համատեղ հայտարարության ժամանակ ուրբաթ օրը նրա ներկայացուցիչների «տրաուրնի» տրամադրությունից բնավ չէր երեւում, թե առանձնապես ոգեւորված են, կամ՝ հավատում են սեփական հայտարարության նոտաներին», - շրջանակում է այսօր «Հայկական ժամանակ» թերթը: - «Իսկ նշյալ հայտարարությունն արվել էր, իհարկե, վերջին մեկ նախադասության համար. այն է՝ երկրի սահմանադրական կարգն ու օրինականությունը խախտելու փորձերը պետք է կանխվեն իրավասու մարմինների վճռական եւ համարժեք հակազդեցությամբ»: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, առաջիկա օրերին երկրի ներքաղաքական կայունությունը չխաթարելու կոչերով եւ հայտարարություններով հանդես կգան «տարբեր կարգի հասարակական, մտավորական եւ պալատական-քաղաքական կազմակերպություններ»:

Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանի՝ ուրբաթ օրվա ասուլիսում հնչեցրած որոշ մտքեր էլ, «Հայկական ժամանակ»-ի ընդգծմամբ, բնավ չէին տեղավորվում ընդդիմության որդեգրած մարտավարության շրջանակներում, դրանք «դժվար էր համարել հեղափոխության գնացող եւ իշխանափոխության պատրաստ գործչի գնահատականներ»:

«Հայոց աշխարհ» թերթի մատուցմամբ, արդեն ակնհայտ է դառնում, որ «ընդդիմադիր դաշտը ժամանակավորապես գրաված Դեմիրճյան - Գեղամյան տանդեմը իրականում հարմար գործիք է՝ առնվազն երկու, բավականին բարդ ու բազմաքայլ սցենարների խաղարկման համար»։ «Հայաստանում խաղարկվող զույգ սցենարների բախման պրոցեսում առկա է ոչ թե ընդդիմություն թե իշխանություն, այլ Ամերիկա թե Ռուսաստան հակաթեզը», - շեշտվում է այստեղ: - «Դեմիրճյան - Գեղամյան տանդեմը ամերիկյան սցենարի մեջ տեղավորվում է որպես ժողովրդին ոտքի հանող եւ Հայաստանն ապակայունացնող «տուգանային գումարտակ», որը եթե նույնիսկ կարողանա հասնել հաջողության, ապա մինչ այդ լիովին կվարկաբեկվի ու կթուլանա՝ հարմար պահին սեփական գործչին՝ հայկական Սահակաշվիլուն ասպարեզ բերելու համար։ Ռուսական սցենարի մեջ Դեմիրճյան - Գեղամյան տանդեմի ակտիվացումը քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածը վերահսկելու, իշխանության կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը մշտապես չափավորելու, իշխանության քաղաքական ռեսուրսների «մաշվելու» գործընթացը դրանց թարմացման եւ ընդլայնման պրոցեսով փոխարինելու նպատակ է հետապնդում... Ռոբերտ Քոչարյանը, ռուսական շահերի տեսանկյունից եղել ու մնում է այն հուսալի գործընկերը, որի այլընտրանքի գոյության մասին պետք է անընդհատ խոսել ու աղմկել այդ այլընտրանքի ձեւավորումը բացառելու համար», - ձեւակերպում է «Հայոց աշխարհ»-ի տեսաբանը։

Ըստ «Ազգ» թերթի, շաբաթ օրը Մոսկվայից Երեւան պիտի ժամանեին բարձրաստիճան մի քանի անձինք, ովքեր խորհրդատվական ծառայություններ են մատուցում Հայաստանում իշխանափոխությունն առանց ցնցումների ու թեթեւ անցկացնելու համար. - «Նրանցից երկուսը անվանի քաղաքագետներ են եւ իրենց խորհուրդներով աջակցել են Ռուսաստանի նախագահին երկու ընտրություններում էլ»։ Ինչ վերաբերում է հայաստանյան ընթացքին, ըստ «Ազգ»-ի՝ «էսկալացիան ընթանում է մեծ թափով». - «Որքան ընդդիմությունը շեշտում է իր վճռականությունը նախագահ Ռոբերտ Քոչարյանին գահընկեց անելու գործում, այնքան ավելի վերջինս ու իր կողմնակիցներն ահազդեցիկ սպառնալիքներ են տեղում ընդդիմության գործողությունները բռնի ուժով, անգամ արյունով զսպելու մասին (եւ այս հարցում իշխանության բարձրագույն ներկայացուցիչներն իրենց տղայական ու երբեմն գռեհիկ պահվածքով չեն զիջում իրենց ընդդիմադիրներին։ Նյարդայնացած՝ նրանք պետական մարդու արժանապատվությունը շփոթում են անձնական վիրավորածության հետ)»։ «Երկու կողմերն էլ կամք չեն դրսեւորում բախումից խուսափելու», - նշում է «Ազգ»-ը։ - «Ընդհակառակը, իշխանությունը ցանկանում է մեկընդմիշտ վերջ տալ ընդդիմադիր ղեկավարների հավակնություններին, իսկ ընդդիմությունն իր գոյության ամբողջ իմաստն է տեսնում իշխանափոխության մեջ։ Մեր երկրի քաղաքական կյանքում, դժբախտաբար, միշտ էլ բացակայել է երրորդ ուժը, հավասարակշռող կողմը, որի դերը նման դեպքերում, հատկապես հիմա, այնքան զգալի է։ Մնում է այդ դերն ստանձնեն օտարները՝ Ռուսաստանը կամ Միացյալ Նահանգները, կամ երկուսն էլ՝ միասնաբար... Սակայն որեւէ միջամտություն, որ գալիս է դրսից, հղի է երկու կողմերին էլ հետագայում ըստ կամս շահագործելու վտանգով», - նախանշել է խմբագրականը: - «Ոչ պակաս վտանգավոր է, եթե բախում այնուամենայնիվ տեղի ունենա... կլինեն ծեծ, ջարդ, արյուն, ձերբակալություններ, հալածանք, ազատությունների սահմանափակում, չինովնիկների առավել լկտիացում։ Այլ խոսքով՝ իշխանությունները կշարունակեն իշխել՝ փոխանակ կառավարելու, իսկ դա նշանակում է իշխանության թուլացում, ամբողջական այլասերում»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի որակմամբ, «ընդդիմության մազոխիզմը օրըստօրե հասնում է մի նոր աստիճանի, ընդ որում՝ դա հոգեվարքի մեջ գտնվողի մազոխիզմ է: «Ընդդիմադիր ուժերը ամեն ինչ անում են, որ իրենց կողմից հրահրվելիք հակաօրինական միջոցառումները իրենց համար լուսապսակի դեր կատարեն», - գրում է մեկնաբանը: - «Ընդդիմությունը հստակ ու բացահայտ պրովոկացիա է նախապատրաստում, եւ նրա ողջ ելակետը հենց փողոցային անկարգություններ հրահրելն է, որպեսզի աշխատի իր այն սցենարը, թե ընդդիմադիրները խաղաղ ցույց ու երթ էին կազմակերպել, իսկ իշխանությունները ճնշեցին»: «Հայաստանի Հանրապետություն» թերթում այսօր տրվում է նաեւ, թե «ընդդիմության գործակալները, հատկապես մարզերում մտնում են տնետուն եւ որոշակի գումար առաջարկում իրենց ցույցերին մասնակցելու համար»:

Լուրերի հետքերով, թե Կենտրոն համայնքի ոստիկանապետ Հովիկ Թամամյանը սպառնացել է բռնություններ կիրառել՝ ապրիլի 2-ին տեղի ունենալիք ի պաշտպանություն «Ա1+»-ի խաղաղ երթի մասնակիցների դեմ, «Առավոտ»-ի թղթակիցը պարզաբանումների համար դիմել է ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանին: Վերջինս մասնավորապես ասում է. - «Չունենալով երթի թույլտվություն, նորից հայտարարություն են անում երթի վերաբերյալ, ինչը ապօրինի է։ Իսկ ոստիկանները պարտավոր են կանխել ցանկացած ապօրինություն, սահմանված կարգով ապահովել հասարակական կարգի անվտանգությունը»։ «Եթե նման երեւույթներ կան եւ այդ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, իհարկե, բացասական եմ գնահատում», - լրագրողին ասել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը արձագանքում է. - «Կարծում եմ, այստեղ բախվում են օրենքը եւ քաղաքացիների ցանկությունը։ Քաղաքացիները պետք է իրենց ցանկությունները տեղափոխեն օրենքի սահմաններ... Իսկ եթե օրենքի դրույթները վիճելի են կամ անհասկանալի, կամ էլ տարբեր կերպ են մեկնաբանվում, ապա այդ խնդիրը լուծելու համար նույնպես նախատեսված ատյան ունենք»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG