Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Թեժ գարունը նյութականանում է», - վերնագրել է այսօր «Իրավունք» թերթը՝ սահմանելով, որ «երկաթյա տրամաբանությամբ ընդդիմության եւ իշխանության հակամարտությունը այլեւս անխուսափելի է»: Առճակատման ելքը, մեկնաբանի հայացքով, անկանխատեսելի է, «քանզի անհնար է կանխատեսել ինչպես իշխանության տարբեր թեւերի, այնպես էլ ուժային կառույցների վարքագիծը հենց բուն ճգնաժամային իրավիճակում»:

«Իշխանափոխությանն ուղղված ընդդիմության նախապատրաստական աշխատանքները մեծ ակտիվություն են հաղորդել նաեւ իշխանություններին», - «Մարտից առաջ» խորագրի տակ արձանագրում է «Այբ-Ֆե» թերթի մեկնաբանը: - «Հնարավոր եւ անհնար բոլոր օղակները գործի են գցվում, ամրացվում են իշխանությունը սեփական ձեռքերում պահելու համար անհրաժեշտ բոլոր պտուտակները... Ռոբերտ Քոչարյանն իրեն շրջապատում է հատկապես հասարակության կողմից մերժված մարդկանցով, ովքեր քաջ գիտակցում են, որ հաջորդ իշխանության օրոք այլեւս անելիք չունեն»:

«Կադրային առանձին հարցեր լուծելով ակնկալել ինչ-որ արդյունք, պարզապես անլուրջ է», - «Այբ-Ֆե»-ի թղթակցին ասել է Ստեփան Դեմիրճյանը: - «Ես համոզված եմ, որ ո'չ իրավապահ մարմինները, ո'չ բանակը երբեւիցե չեն գնա ժողովրդի դեմ: Ի վերջո, ես չեմ առանձնացնում իրավապահ մարմինները մեր ժողովրդից»:

«Այս համաձայնագրի ստորագրումից հետո իշխանափոխություն չանելն ուղղակի անհեթեթություն կլինի», - «Հայկական ժամանակ»-ին ասել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանը՝ մեկնաբանելով նախորդ օրը «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավարների ստորագրած համաձայնագրի նշանակությունը: Արամ Սարգսյանի դիտարկմամբ՝ այդ փաստաթուղթը հաստատում է նաեւ այն իրողությունը, որ հանրապետության ներքաղաքական իրավիճակը Ռոբերտ Քոչարյանի ու նրա իշխանության վերահսկողությունից դուրս է:

«Ընդդիմության գործողությունները մտահոգիչ են, բայց չեմ կարծում, թե դրանց կարելի է առանձնապես լուրջ վերաբերել», - «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում արձագանքում է Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ խորհուրդ տալով չոգեւորվել: Բացառելով իշխանափոխության հնարավորությունն այսօր՝ նա ավելացնում է. - «Մենք պետք է հասկանանք, որ այսօր խոսել իշխանափոխության մասին, նշանակում է կորցնել մեր անկախությունը, ինչպես իր անկախությունը կորցրեց Վրաստանը՝ դառնալով Միացյալ Նահանգների հերթական նահանգներից մեկը»:

«Ընդդիմությունը եւ մյուս քաղաքական ուժերը գոնե մեկ անգամ պետք է նստեին ու քննարկեին պրոբլեմը: Դժբախտաբար, դա տեղի չունեցավ, որովհետեւ Հայաստանում գրեթե բացակայում է քաղաքական բանավեճը, հանդուրժողականությունը», - «Այբ-Ֆե»-ի հարցազրույցում ցավում է Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: «Ես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը չի օգտագործի բանակը հասարակական կարգը պահպանելու համար», - ասում է նա մի մտահոգության առնչությամբ՝ ընդգծելով եւ, որ որեւէ բախում Հայաստանում շատ տխուր հետեւանքներ կունենա թե' իշխանության, թե' ընդդիմության համար:

Ապրիլի 2-ին Երեւանում նախատեսված է երթ ու հանրահավաք՝ «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկման տարեդարձի կապակցությամբ: «Երեկ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի պետ Հովիկ Թամամյանը իր մոտ է հրավիրել «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանին եւ նախաձեռնող խմբի անդամ, Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանին եւ նրանց նախազգուշացրել երթ անցկացնելու անթույլատրելիության մասին: Էականը, սակայն, ոչ թե սա է, այլ այն, որ Կենտրոնի ոստիկանության բաժանմունքի պետը նախատեսված երթը անցկացնելու փորձի դեպքում բառացիորեն խոստացել է «ջարդել» դրա մասնակիցներին», - շեշտվում է «Հայկական ժամանակ» թերթում: Ամեն դեպքում նախաձեռնող խումբը որոշել է, որ «անկախ սպառնալիքներից՝ երթը եւ հանրահավաքը տեղի կունենան ըստ նախապես ծրագրվածի»:

«Կարող է թվալ, որ միավորվելով, «Արդարություն»-ը եւ «Ազգային միաբանություն»-ը առնվազն կրկնապատկում են իրենց ուժերը: Սակայն իրականում ստեղծվում է միանգամայն այլ իրավիճակ: Բանն այն է, որ բողոքական զանգվածը, որի վրա հույսները դրել են «Արդարության» եւ «Ազգային միաբանության» առաջնորդները, միշտ էլ նույնն է եղել եւ այսօր էլ նույնն է մնում», - վերլուծում է այսօր «Հայոց աշխարհ» թերթը: - «Փոխարենը՝ միանալուց հետո ընդդիմության գործը անհամեմատ բարդանում է: Եթե «Արդարության» առաջնորդները նախկինում հնարավորություն ունեին միանձնյա որոշումներ կայացնել, ապա հիմա ցանկացած քայլ պետք է համաձայնեցվի Գեղամյանի հետ: Իսկ դա, համաձայնեք, ծանր դեպք է»: Թերթը մատուցում է եւ ընդդիմության երկինքը մթագնող այսպիսի մի հանգամանք. - «Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Արտաշես Գեղամյանը ցանկացած պահի, առանց մեկ վայրկյան անգամ մտածելու, պատրաստ է վաճառվել, եթե «հարմար գին» առաջարկվի: Ստացվում է, որ «Արդարությունը» պատրաստվում է գրոհի՝ դանդաղ գործողության «ականը» գրպանում»:

«Ժամանակը կգա, եւ կտեսնենք, թե ով ում է սատկացնելու». «Առավոտ» թերթի ձեւակերպմամբ, Սերժ Սարգսյանի այս արտահայտությունը կարելի է համարել «Հայաստանի այսօրվա ներքաղաքային կյանքի բնաբանը». - «Ընդդիմության առաջնորդները այնքան ինքնավստահ են խոսում, որ ակամայից սկսում ես հավատալ, որ նրանք իրո՛ք պատկերացնում են, թե ուր են գնում, 100 տոկոսով համոզված են, որ ժողովուրդն իրենց հետ է: Ինչն ակնհայտորեն նյարդայնացնում է իշխանությանը, որը թեեւ հավաստիացնում է, թե չի վախենում ընդդիմության խոստացած գարնանային գործողություններից, սակայն բացահայտ նախապատրաստվում է նրա հարձակմանը՝ ուժեղացնելով դատախազությունը, ոստիկանությունը եւ այլն»: «Միմյանց դեմ «մկանունք ցուցադրելը» բռնցքամարտիկներին հատուկ հոգեբանական հնար է», - համեմատում է «Առավոտ»-ը: - «Բուն մարտին բանը դեռ չի հասել եւ չի բացառվում, որ այն այդպես էլ չի սկսվի եւ կսահմանափակվի մի եզակի ռաունդով, որից հետո միմյանց սարսափեցրած հակառակորդները իրար ձեռք կսեղմեն եւ կքաշվեն իրենց անկյունները»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG