Մատչելիության հղումներ

Գուլիեւ - Օսկանյան հանդիպումը չի կայանա


Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը հրաժարվել է այս ամիս ավելի ուշ Պրահայում նախատեսված հանդիպումից Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին քննադատության է ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի համանախագահներին:

Ալիեւը կրկին միջազգային միջնորդներին մեղադրել է, թե նրանք բավականաչափ ջանքեր չեն գործադրում հակամարտության կարգավորման ուղղությամբ: Նա նաեւ կոչ է արել Թուրքիային չբացել Հայաստանի հետ սահմանը:

Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հրաժարվելու մասին հայտարարվել է երեկ երեկոյան: Վիլայաթ Գուլիեւը ասել է, թե չի մեկնելու Պրահա, քանի որ «մշակված չէ» Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպման օրակարգը:

ԵԱՀԿ Մինսկի խմբից արձագանքներ առայժմ չկան: Ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկի մեջբերմամբ, ասել է սոսկ, թե հանդիպումը չանցկացնելու մասին որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով «կողմերից մեկի ցանկությունը»: Այս տեղեկությունը հինգշաբթի օրը հաստատել է Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ձեռնպահ է մնում մեկնաբանություններից: Խոսնակ Համլետ Գասպարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ արտգործնախարարությունը որեւէ գրավոր ծանուցում, թե հանդիպումը չի կայանալու, չի ստացել միջազգային միջնորդներից:

Հայաստանի արտգործնախարարը անցած շաբաթ ասել էր, թե Պրահայի հանդիպման ընթացքում կհստակեցվի, թե որ կետից է Ադրբեջանը պատրաստ շարունակել բանակցությունները: Օսկանյանը ասել էր նաեւ, որ եթե Ադրբեջանը պնդում է, թե բանակցությունները պետք է վերսկսվեն «զրոյական կետից», ապա կարող է «բանակցել Լեռնային Ղարաբաղի հետ»:

Իլհամ Ալիեւը շարունակում է կտրականապես հերքել, թե Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը որեւէ պայմանավորվածություններ էին ձեռք բերել Փարիզում եւ Քի Ուեսթում 2001 թվականին: «Որեւէ համաձայնություն չի եղել եւ չկա», - հայտարարել է նա Բաքվում: - «Դա Հայաստանի կողմից շրջանառվող հերթական սուտն է»:

Ալիեւը այնուհետեւ քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը՝ ասելով, թե այն «դրական ոչինչ» չի արել 1992 թվականին ստեղծվելուց ի վեր:

«Երբ մեզ ասում են, թե Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները իրենք պետք է հասնեն համաձայնության ու համանախագահները կպաշպանեն նրանց ցանկացած որոշումը, դա միջնորդություն չէ», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Իլհամ Ալիեւը նաեւ կոչ է արել Թուրքիային չվերաբացել սահմանը Հայաստանի հետ, ինչը չեն բացառում Անկարայի ներկայիս իշխանությունները: Սահմանի վերաբացմամբ, ըստ Ալիեւի, Ադրբեջանը կզրկվի «կարեւոր լծակից»:

«Ես բազմիցս ասել եմ, որ եթե դա տեղի ունենա [բացվի հայ-թուրքական սահմանը], Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը երբեք չի լուծվի», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG