Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավորը ենթարկվել է հարձակման


«Արդարություն» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը այսօր հաստատեց մամուլի հրապարակումը, որ մարտի 22-ի ուշ երեկոյան ինքը հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից:

«Երեք անձինք ուղղակի մոտեցան եւ առանց ոչինչ ասելու հարձակում գործեցին իմ վրա», - չորեքշաբթի օրը լրագրողներին ասաց Վիկտոր Դալլաքյանը՝ ցույց տալով այտոսկրի շրջանում ստացած վնասվածքը:

Հարձակվողները, պատգամավորի պատմելով, եղել են առանց դիմակների, սակայն մթության մեջ նա չի տեսել նրանց դեմքերը: Դալլաքյանը բացառեց, որ հարձակվողները իրեն շփոթել են որեւէ այլ անձի հետ:

Մեկնաբանելով միջադեպը, նա ասաց, որ իր համար միանշանակ է, որ դա ունի քաղաքական դրդապատճառներ:

«Առավոտ» թերթի այսօրվա հրապարակումը նշում է, թե նախագահ Քոչարյանի «քաղաքական բոմժի հոգեբանություն» եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի «ժամանակը կգա եւ կտեսնենք, թե ով ում է սատկացնելու» արտահայտությունները պատասխան էին նաեւ Վիկտոր Դալլաքյանի հասցեին: Վերջինս, մինչդեռ, պնդել է, որ երբեւէ չի խոսել «սատկացնելու» մասին, այլ՝ «ղարաբաղյան կլանի ողնաշարը ջարդելու» մասին, ինչը ակնհայտորեն փոխաբերական իմաստ ունի:

«Իշխանությունները պետք է հասկանան, որ ձու շպրտելով կամ մութ տարածքում ինչ-որ գործողության իմիտացիա ստեղծելով, նրանք չեն կարող կանգնեցնել այն գործընթացը, որը սկսված է Հայաստանի Հանրապետությունում: Իշխանափոխությունը անխուսափելի է, քանի որ դա է պահանջում ամբողջ ժողովուրդը», - ասաց պատգամավորը:

Դալլաքյանը ավելացրեց, որ Երեւանի ոստիկանությունը մամուլի հրապարակման հիման վրա «սկսել է իրականացնել համապատասխան գործողություններ»: Բռնությունը, Ազգային ժողովի հանրային կապերի վարչության պետ Անահիտ Ադամյանի փոխանցմամբ, դատապարտել է խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը:

Վիկտոր Դալլաքյանը լրագրողների հարցերին պատասխանեց «Արդարություն» դաշինքի խորհրդի՝ այսօր կայացած փակ նիստից հետո: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի փոխանցմամբ, նիստում «քննարկվում եւ լուծվում են» ընդդիմադիր դաշտի միասնությանը, վճռական գործողություններ սկսելու ժամկետի ճշտմանը եւ իշխանափոխությունից հետո անելիքներին վերաբերող հարցեր:

«Երեք հարցի քննարկումից էլ գոհ եմ», - ասաց Մանուկյանը՝ հրաժարվելով մանրամասնել: Մեկնաբանելով կառավարությունում եւ ուժային կառույցներում կատարվող փոփոխությունները, Մանուկյանը դա կապեց ընդդիմության ակտիվացման հետ: «Բնական է: Պատահական չեն փոխում այդքան մարդ», - ասաց նա:

Վազգեն Մանուկյանը հույս հայտնեց, թե ընդդիմադիր թեւի երկրորդ խոշոր ուժի՝ «Ազգային միաբանության» հետ միասնական գործողությունների մասին «դրական որոշումը» կընդունվի շուտով:

«Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ առաջիկայում «անպայմանորեն» տեղի ունենալիք՝ «Ազգային միաբանություն» խմբակցության եւ մայրաքաղաքի բնակչության «հանդիպման» ընթացքում, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի իր ղեկավարած կուսակցության եւ «Արդարություն» դաշինքի կողմից առաջիկայում անցկացվելիք «համատեղ միջոցառումների» մասին:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG