Մատչելիության հղումներ

«ԱրմենՏել»-ը այլեւս ներդրումներ չի անելու Հայաստանում


Հայաստանի հեռահաղորդակցություն ոլորտի մենատեր «ԱրմենՏել» ընկերությունը, որի բաժնետոմսերի 90 տոկոսը պատկանում է հունական OTE ընկերությանը, այսուհետ ներդրումներ չի անելու ոլորտում, քանի որ, ինչպես երեքշաբթի օրը հայտարարեց ընկերության գլխավոր գործադիր տնօրենը, Հայաստանում իրենց նկատմամբ վերաբերմունքը «թշնամական է»:

«ԱրմենՏել»-ի գլխավոր գործադիր տնօրեն Գեորգիոս Վասիլակիսը այդ հայտարարությունն արեց Տնտեսական մրցակցության հանձնաժողովի նիստում, որտեղ քննվում էր Հայաստանում ինտերնետային ծառայություններ մատուցող խոշոր ընկերություններից «Արմինկո»-ի բողոքը ընդդեմ «ԱրմենՏել»-ի: Վերջինս, «Արմինկո»-ի պնդմամբ, չարաշահելով իր գերիշխող դիրքը ինտերնետային կապի ոլորտում, համահայկական համար է տվել միայն «ԱրմենՍել» ընկերությանը, ինչի շնորհիվ վերջինս մենաշնորհային դիրք է ստացել մարզերում ինտերնետային կապ տրամադրելու առումով: «ԱրմենՏել»-ը հերքում է այս մեղադրանքը:

Տնտեսական մրցակցության հանձնաժողովը արդեն շահել է «ԱրմենՏել»-ի դեմ հարուցած մի քանի քրեական գործ: «ԱրմենՏել»-ը վերջին ժամանակներս իրար հետեւից տանուլ է տալիս գրեթե բոլոր դատական գործերը: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը վերջերս հայտարարել է «ԱրմենՏել»-ին թիվ 60 լիցենզիայով տրված մենաշնորհային դիրքից պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ զրկելու գործընթացը սկսելու մասին:

Գեորգիոս Վասիլակիսի խոսքերով, Հայաստանում հունական ընկերության նկատմամբ «ոչ թե բարեկամական, այլ թշնամական վերաբերմունք է դրսեւորվում»: Նրա խոսքերով, «ԱրմենՏել»-ը ենթարկվում է հարձակման՝ «կենտրոնացված ղեկավարության ներքո»: Հայաստանյան դատարանները, ըստ Վասիլակիսի, «տարօրինակ վճիռներ են ընդունում, որոնք կարդալիս չես կարողանում անգամ հասկանալ, թե ինչ է գրված»:

Իր խոսքի վերջում Գեորգիոս Վասիլակիսը հայտարարեց, որ «ԱրմենՏել»-ը որոշել է նման պայմաններում այլեւս ներդրումներ չանել:

Անցած սեպտեմբերին հունական կողմը պնդում էր, թե 1998 թվականից ի վեր արդեն 182 մլն դոլար է ներդրել Հայաստանում: Կառավարությունը հայտարարել էր, որ այդ թվերը կեղծ են՝ վկայակոչելով բջջային եւ ինտերնետ կապի խիստ ցածր որակը:

Կառավարությունն արդեն ընդունել է բջջային եւ ինտերնետային կապի ոլորտում «ԱրմենՏել»-ին մենաշնորհային դիրքից զրկելու մասին որոշում, որի կատարումը, սակայն հետաձգվել է մինչեւ ամառ՝ ակնկալելով, որ մինչ այդ Լոնդոնի միջազգային տնտեսական դատարանը վճիռ կընդունի Հայաստանի կառավարության դեմ «ԱրմենՏել»-ի եւ OTE-ի հայցերի կապակցությամբ:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG