Մատչելիության հղումներ

Գյումրիի քաղաքապետին կարող է քրեական մեղադրանք առաջադրվել


Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից չարաշահումներ թույլ տալու մասին վերջերս ավելի ու ավելի հաճախ է խոսվում: Շիրակի մարզի դատախազությունում հարուցված քրեական գործերից մեկում, օրինակ, արդեն անմիջականորեն հնչում է Վարդան Ղուկասյանի անունը:

Խոսքը քաղաքի բնակելի շենքերից մեկի առաջին հարկը անօրինականորեն վարձակալությամբ տրամադրելու մասին է: Չարաշահման բնույթն էլ շատ պարզ է. Վարդան Ղուկասյանը, Շիրակի մարզի դատախազ Համլետ Հովսեփյանի պնդմամբ, տարածքը տրամադրել է իր ազգականներից մեկին:

«Տվել է իր [քաղաքապետի] որոշումով, իսկ վարձակալության տալը միայն ավագանու լիազորությունն է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Համլետ Հովսեփյանը:

Դատախազի խոսքերով, շատ շուտով Գյումրիի քաղաքապետարանի մի շարք աշխատակիցների կոնկրետ մեղադրանքներ կառաջադրվեն: Նա խուսափեց ուղղակիորեն պատասխանել հարցին, թե արդյոք մեղադրանք է առաջադրվելու նաեւ Վարդան Ղուկասյանին:

«Մի քանի օր հետո արդեն պարզ կլինի», - ասաց Հովսեփյանը:

Վարդան Ղուկասյանը հրաժարվում է որեւէ կերպ մեկնաբանել իր անձի շուրջ ծավալվող իրադարձությունները: Քաղաքապետարանի լրատվական ծառայության աշխատակիցների խոսքերով, պարբերաբար տարածվող լուրերը շատ հաճախ ուռճացված են լինում, հայտնված հրապարակումներն էլ՝ իրականությանը չհամապատասխանող:

Վարդան Ղուկասյանի ու իր ենթակաների կողմից թույլ տված չարաշահումների օրեցօր աճող ցանկում, սակայն, վերը նշված խախտումը երեւի ամենաանմեղն է: Քաղաքապետարանին ներկայացվող շատ ավելի լուրջ մեղադրանքներ կան:

Մի քանի շաբաթ առաջ, օրինակ, Շիրակի մարզային դատարանը չեղյալ հայտարարեց քաղաքապետի որոշումը, համաձայն որի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին պատկանող հողատարածքները տրամադրվել էին բենզալցակայան կառուցելու համար:

Մեկ այլ քրեական գործ էլ, ըստ երեւույթին, կհարուցվի արդեն «Լինսի» հիմնադրամի միջոցներով կառուցված ավելի քան 700 բնակարանների բաշխման կապակցությամբ: Նման զարգացումն այսօր չբացառեց նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Վահրամ Բարսեղյանը:

«Կոնկրետ քաղաքապետի կողմից պաշտոնական դիրքի չարաշահումներ տեղի ունեցել են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բարսեղյանը՝ հրաժարվելով մանրամասնել: - «Ամփոփ տեղեկանքը կներկայացնենք ապրիլի 20-ից հետո»:

Կատարվածը, գյումրեցիներից շատերի կարծիքով, նախեւառաջ քաղաքական դրդապատճառներ ունի: Հանրահայտ է, որ խիստ լարված են հարաբերությունները Շիրակի դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանի եւ անկուսակցական Վարդան Ղուկասյանի միջեւ: Գյումրիից ընտրված ԱԺ պատգամավորները, սակայն, գերադասում են քաղաքապետի շուրջ ծավալվող իրադարձությունների մեջ որեւէ կուսակցական դիտավորություն, առավել եւս հատուկ ձեռնարկված արշավ չտեսնել:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG