Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Եթե կազմեինք այս տարիներին գործված սխալների, հանցագործությունների, հիմարությունների ցանկը, հեշտությամբ կհամոզվեինք, որ դրանք բոլորն ու դրանց հետեւանքները նախապես կանխատեսված են եղել մամուլում, հանրահավաքներում ու նույնիսկ խորհրդարանում», - ուշադրություն է սեւեռում այսօր «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը: - «Եվ այդուհանդերձ՝ մեր աչքի առաջ կործանիչ հակաժողովրդական վճիռները կայացվեցին, գործարքներն արվեցին, երկիրը քայքայվեց... Ինչո՞ւ»: Այս հարցի հետքերով «Գոլոս Արմենիի»-ում արձանագրվում է, որ հիմա էլ նույնն է շարունակվում, նորանոր սխալներ ու մեղքեր են գործվում, որոնց հետեւանքը ակնհայտ է: Իսկ այս ընթացքի պատճառը, ըստ մեկնաբանի, այն է, որ լինելով հանդերձ 95 տոկոսով արժանավոր ու խելացի ազգ, մենք հիմնականում պարբերաբար ընտրում ենք մնացած 5 տոկոս անարժան տգետներին:

«Արդյոք ժամանա՞կը չէ, որ օրենսդիր մարմինն ընդունի օրենք պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների վարքականոնի մասին», - հարց է բարձրացնում այսօր «Հայոց աշխարհ» թերթը։ - «Մեր օրերում, երբ ավելի ու ավելի հաճախակի են դառնում աղմկահարույց միջադեպերը, ինչի հրահրողն ու «գլխավոր հերոսը» շատ դեպքերում պետական բարձրաստիճան անձանց զավակներն են, ուղղակի անհրաժեշտություն է նման «բարոյական կոդեքսի» մշակումը... Այլապես ինչի՞ նման էր վերջին միջադեպը, որ տեղի ունեցավ «Տրիումֆ» բար-սրճարանում եւ որի ակտիվ մասնակիցներից մեկն էր քաղաքաշինության նախարարի որդին», - թարմ օրինակին է անդրադառնում «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը։ - «Ծեծկռտուքով-հայհոյանքներով-«մաուզերներով» ուղեկցվող սույն «էլիտար խրախճանքը» ինչպե՞ս կարող է չառաջացնել մարդկանց արդարացի զայրույթը։ Այն էլ ներկա լարված մթնոլորտում»։ «Հերիք չէ մարդիկ, ի վերջո, հաշտվել են իրողության հետ, որ, միեւնույն է, մեր պաշտոնյաների մեծ մասը սովոր չէ զուսպ ու ժուժկալ ապրելակերպի (նախընտրելով շքեղ առանձնատները եւ թանկարժեք մեքենաները), հիմա էլ ականատես են նրանց զավակների դրսեւորած հրապարակային ցինիզմին», - ձեւակերպում է մեկնաբանը՝ մատնանշելով, որ այս, այսպես ասած, էվոլյուցիան հասարակության մեջ գնալով ավելի է խորացնում անվստահությունը իշխանության հանդեպ, մանավանդ երբ մարդիկ տեսնում են, որ «ազգանունավոր զավակները բուռն «դվիժենիներ» իրականացնելիս ակնհայտորեն գործում են անպատժելիության եւ անձեռնմխելիության գիտակցությամբ»։

Շարունակվող կադրային փոխատեղումները ոստիկանության կառույցում գոնե առայժմ որեւէ լավատեսական բխեցում մամուլում առաջ չեն բերել: Աղվան Հովսեփյանի վերանշանակումն էլ հանրապետության գլխավոր դատախազ «Հայկական ժամանակ» թերթում տրվում է որպես դե ֆակտո իրողության դե յուրե փաստագրում: «Մինչ այս էլ հասկանալի էր», - նշում է «Հայկական ժամանակ»-ը, - «որ Արամ Թամազյանը դրածո է եւ գլխավոր դատախազն իրականում Հովսեփյանն է»:

Ամփոփելով ԵԱՀԿ գործող նախագահի տարածաշրջանային այցը՝ «Ազգ» թերթի մեկաբանը հատկապես խտացրել է. - «Հայաստանը կարգավորման բանակցություններում ԼՂՀ-ին մղում է լուսանցք, եւ Երեւանի նման դիրքորոշումը հավանության է արժանանում Եվրոպայում»: Այստեղ նաեւ համադրված է. - «Վերջին շրջանում մեկ անգամ չէ, որ Ղարաբաղի իշխանություններն իրենց մտահոգությունն են հայտնել, որ հակամարտության կարգավորման գործընթացում փոխվել է մեթոդաբանությունը, հարցը տեղափոխվել է Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի հարթություն, եւ եվրոպական կառույցները հենց այդպես էլ պատկերացնում են ղարաբաղյան հարցի էությունը»։

«Զգուշացիր տոկոսներից» վերնագրի տակ «Առավոտ» թերթը ներկայացնում է ռուսաստանյան փորձագետների գնահատականները, որ պետք է չափազանց զգուշորեն, վերապահումներով մոտենալ ԱՊՀ երկրների պաշտոնական վիճակագիրների տվյալներին, քանզի դրանք «նկարվում են»: «Առավոտ»-ը այս առումով ուրվագծում է. - «Նման վիճակագրական ցուցակներում առաջին տեղեր են գրավում կա'մ բացահայտ բռնապետական ռեժիմները, ինչպես Թուրքմենստանն է, կա'մ էլ այնպիսիք, ինչպիսին է մեր Հայաստանը: Ուր ծաղկում են կոռուպցիան ու աղքատությունը, բարեփոխումները կոսմետիկ բնույթ են կրում, իսկ ցանկացած քննադատություն պաշտոնապես բնութագրվում է որպես ազգի դավաճանություն: Ինչ խոսք, նման երկրներում ոչ ոք այդ թվերին վաղուց արդեն չի հավատում, որովհետեւ եթե դրանք գոնե մասամբ համապատասխանեին իրականությանը, ապա քիչ թե շատ զգալի կլինեին բնակչության կենսամակարդակի վրա»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG