Մատչելիության հղումներ

«Արդարություն» դաշինքը սահմանում է «վճռական գործողությունների» ժամկետները


Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի խորհրդի ընդլայնված նիստում երկուշաբթի օրը սահմանվել են իշխանափոխության նպատակ հետապնդող վճռական գործողությունները սկսելու ժամկետները:

«Ամենամոտակա ժամկետը գործողությունների սկզբի համար քննարկվում է մարտի վերջը, եւ ամենահեռակա ժամկետը՝ ապրիլի 10-12-ը», - շուրջ երկու ժամ տեւած նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց դաշինքի ղեկավար անդամներից «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը:

Բազեյանի խոսքերով, իրենք դեռ պետք է որոշեն «օպտիմալ ժամկետներ», փորձեն դրանք համաձայնեցնել «Ազգային միաբանություն» կուսակցության հետ: Հանրությունը, նրա խոսքերով, կտեղեկացվի վերջնական համաձայնության գալուց հետո:

«Դաշինքում կան տեսակետների, մոտեցումների տարբերություններ», - ի պատասխան հարցին, թե կոնկրետ ինչ գործողություններ են ձեռնարկվելու, ասաց ընդդիմադիր գործիչը: - «Մի մասը պնդում է, որ դեռեւս կարելի է փորձել Ազգային ժողովում անցկացնել օրենքը եւ երկրում անցկացնել վստահության հանրաքվե: Մի մասը գտնում է արդեն, որ դա ռեալ չէ»:

Նրա խոսքերով, դաշինքում «հակվածությունը ավելի շատ է», որ հանրաքվեի հնարավորությունը «գործող իշխանությունը արդեն բաց է թողել»:

Դաշինքն առայժմ չի ցանկանում բացահայտել մշակված բոլոր քայլերը, առավել եւս, ինչպես ասաց Բազեյանը, դեռեւս չի բացառվում, որ իրավիճակի փոփոխության հետ նաեւ մարտավարությունը փոխվի: Բացի այդ, եթե բոլոր քայլերի մասին տեղեկացնեն, ապա դրանց դեմ հակաքայլեր կնախապատրաստվեն:

«Չէ՞ որ նրանք էլ են [իշխանությունները] պատրաստվում մեր գարնանային գործողություններին», - ասաց նա: - «Կգա ժամանակը, կտեսնեք, կհամոզվեք, որ ընդդիմությունը այնուամենայնիվ վճռական է եւ նպատակային գնալու է մեր պետության առջեւ ծառացած խնդիրները լուծելու ճանապարհով»:

Հարցին, թե, ի վերջո, իշխանափոխության պահանջը ինչպես է ներկայացվելու իշխանություններին, Ալբերտ Բազեյանը պատասխանեց. - «Կանենք՝ կտեսնեք»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG